Wikileaks-ը շարունակում է գաղտնազերծել ամերիկյան դիվանագետների փաստաթղթերը. այս անգամ հրապարակվել են Վրաց պատրիարք Իլյա Բ-ի եւ Վրաստանում այն ժամանակվա դեսպան Ջոն Թեւթի հանդիպման մանրամասները:

Ինչպես հաղորդում է «Գռուզիա online»-ը, փաստաթղթում նշվում է, որ Համայն վրաց պատրիարքը ԱՄՆ դեսպանի հետ խոսել է Վրաց ուղղափառ եւ Հայ առաքելական եկեղեցնիների միջեւ առկա խնդիրների, ավելի կոնկրետ վիճելի եկեղեցիների մասին: Փաստաթուղթը 2ստորագրված է 008-ի դեկտեմբերի 22-ին:

«Իլյա Բ-ն դեսպանին հայտարարել է, որ Ռուսաստանի պատրիարք Ալեքսիյ 2-րդի թաղմանը հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին: Նրա խոսքով, Գարեգին Բ-ն բարձրացրել է Թբիլիսիի Նորաշենի եկեղեցու հարցը եւ պահանջել որքան հնարավոր շուր կարգավորել խնդիրը: Իլյա Բ-ի ներկայացմամբ, Գարեգին Բ-ն անհամբեր էր եւ ցանկանում էր, որ Վրաց պատրիարքը հենց այդ ժամանակ իրեն հրավիրի Թբիլիսի եւ հայկական կողմին հանձնի Նորաշենի եկեղեցին: Ի պատասխան Իլյա Բ-ն առաջարկել է գիտնականների հանձնաժողով ստեղծել, սակայն, ըստ վրաց պատրիարքի, հայոց կաթողիկոսը հրաժարվել է այդ գաղափարից: Նրա կարծիքով, Գարեգին Բ-ն համարում է, որ այդ հարցերը Իլյա Բ-ն ընդունում է միանձնյա»,- ասված է փաստաթղթում:

Փաստաթղթում նշվում է նաեւ, որ Իլյա Բ-ն Նորաշենի եկեղեցու խնդրի լավագույն լուծումը համարում է այն թանգարան դարձնելը:

«Իլյա Երկրորդի խոսքով, Հայոց կաթողիկոսը փորձում է էլ ավելի սրել իրավիճակն իր հետեւորդների շրջանում: Նաեւ Իլյան դեսպանին ասել է, որ Գարեգին Բ-ի անհամբերությունը պայմանավորված է ռուսական ազդեցությամբ, քանի որ նրա եղբայրը Մոսկվայի եպիսկոպոսն է (դեսպանատան մեկնաբանությունը. Մենք չենք կարող դա հաստատել, Իլյա Բ-ն էլ չշարունակեց զրույցը, թե ինչպես է Ռուսաստանն ազդում Գարեգին Բ-ի վրա): Նրա հայտարարությամբ, եկեղեցիների հարցում ինքը նախընտրում է Գարեգին Բ-ի նախորդի մոտեցումը, քանի որ Ամենայն հայոց նախկին կաթողիկոսը այսպես չէր լարի իրավիճակը ինչ-որ 1-2 եկեղեցու պատճառով»,- ասված է ամերիկյան դեսպանի գրած փաստաթղթում: