«Ազատության նավատորմի» նավերը` հումանիտար օգնությամբ բեռնված, Գազայի հատված կուղեւորվեն Թուրքիայի ռազմածովային ուժերի նավերի պաշտպանության ներքո: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ինչպես հաղորդում է SalamNews-ը` վկայակոչելով Haberturk-ը, թուրք վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կձեռնարկի բոլոր քայլերը, որպեսզի Իսրայելը չկարողանա միայնակ բնական ռեսուրսներ արդյունաբանել Միջերկրական ծովում:
«Ներկայումս Թուրքիայի ռազմանավերն, իհարկե, զբաղված են ինքնապաշտպանությամբ: Դա առաջնահերթ խնդիր է: Մենք պատրաստվում ենք հումանիտար օգնություն ուղարկել եւ մեր նավերը հարձակման չեն ենթարկվի, ինչպես դա եղավ «Մարի Մարմարա»-ի հետ»,- հայտարարել է Էրդողանը:
Նշենք, որ 2010թ. մայիսին Իսրայելի ռազմածովային ուժերը գրոհով վերցրել էին Գազայի հատված օգնություն տեղափոխող «Ազատության նավատորմի» նավերը: Սպանվել էին գործողության 9 մասնակիցներ, բոլորն էլ թուրքեր:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Իսրայելում գտնվող Թուրքիայի դիվանագիտական անձնակազմը ամենաուշը մինչեւ սեպտեմբերի 7-ը կվերադառնա հայրենիք:
«Մավի Մարմարա»-ի հետ կապված ՄԱԿ-ի զեկույցը ամերիկյան մամուլի միջոցով հայտնի դառնալուց հետո Դավութօղլուն խիստ է արձագանքել՝ շեշտելով, թե զեկույցն ավելի շատ քաղաքական է, քան իրավական, որը Թուրքիան չի ընդունելու։
Դավութօղլուն շեշտել էր, թե մինչեւ սեպտեմբերի 7-ը Իսրայելում գտնվող թուրք դիվանագետները, բացի 2-րդ կարգի քարտուղարից, կվերադառնան Թուրքիա։ Նախարարն ընդգծել էր, որ Իսրայելի հետ կնքված միլիոնավոր դոլարների ռազմական ծրագրերն առկախվելու են:



























