Չնայած ձմռանն ընդառաջ գազապահեստարանների հաջող համալրմանը՝ էներգետիկ ճգնաժամը Եվրոպայում հեռու է ավարտված համարվելուց։ Իրականում իրավիճակը Եվրոպայի համար կարող է էլ ավելի վատանալ հաջորդ ձմռանը, երբ ռուսական խողովակաշարային գազի մատակարարումը լավագույն դեպքում հասնի նվազագույնի, գրել է Oilprice.com-ը։
Եվրոպական Bruegel տնտեսական վերլուծաբանական կենտրոնի գնահատականներով, որոնք հրապարակվել են Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից, եվրոպական տնային տնտեսությունները եւ ձեռնարկություններն արդեն բախվել են էներգիայի ընդհանուր ծախսերի աճի՝ 1,06 տլն դոլարով։ Bruegel-ի վերլուծաբանների կարծիքով, եթե Եվրոպայի կառավարությունները որինչ չանեն՝ ֆինանսական աջակցություն առաջարկելուց բացի, եւ եթե նրանք ծածկեն գների աճը, այդ գումարը կկազմի ԵՄ ՀՆԱ տարեկան 6 տոկոսը։
«Մասշտաբային պետական աջակցությունը կարող է էլ ավելի մեծ աջակցության պահանջ ստեղծել»,- ասում են Bruegel-ի փորձագետները։
Դրա փոխարեն ԵՄ-ին «մեծ գործարք» է հարկավոր, որպեսզի խթանի խնայողությունները եւ միաժամանակ ավելացնի առաջարկը։
Հաջորդ 12-14 ամիսները կորոշեն, թե կկարողանա արդյոք Եվրոպան հաղթահարել էներգետիկ ճգնաժամը՝ չդիմելով պարտադիր նորմավորման կամ չկորցնելով ճյուղային մրցակցությունը։
Եվրոպայի էներգետիկ համակարգերն արդեն ենթարկվել են առաջին իրական փորձությանն այս ամիս՝ արկտիկական ցիկլոնի ֆոնին, որն ընդգրկել է Եվրոպայի հյուսիսարեւմտյան մեծ մասը։
Gas Infrastructure Europe-ի տվյալներով՝ ԵՄ գազապահեստարաններն սկսել են դատարկվել, եւ դեկտեմբերի 17-ի դրությամբ պահեստավորման ծավալը կազմել է 84 տոկոս։ Մինչդեռ իսկական փորձությունը Եվրոպայի համար կսկսվի հաջորդ տարի, երբ նա ստիպված կլինի գազով լցնել պահեստարանները, որպեսզի բավարարի 2023/2024թթ. ձմռան պահանջմունքները։
Հենց այստեղ էլ պլանավորումն ավելի բարդ է դառնում՝ կախված այն բանից, թե որքան ցածր կլինեն պաշարներն այս ձմռանից հետո, եւ արդյոք ԵՄ-ը հնարավորություն կունենա ՀԲԳ-ի ռեկորդային ծավալներ բերել եւ շարունակել գերազանցել գներն Ասիայում, հատկապես եթե պահանջարկը Չինաստանոււմ վերականգնվի։
Գազի քիչ սպառման եւ ռուսական գազի քիչ քանակության պայմաններում ԵՄ-ը շարունակում է կրճատել կախումը Ռուսաստանից՝ մատակարարումների 40 տոկոսից հասնելով 9 տոկոսի, վկայում են ԵՄ սեպտեմբերի տվյալները։
Սակայն այս տարի ռուսական գազի մատակարարումների էական կրճատում տեղի է ունեցել միայն հունիսին։
2023/24թթ. ձմռան շեմին Եվրոպայում գազի պակասն ավելին կլինի առանց ռուսական գազի։ Եվրոպան շատ ռուսական գազ չի ներմուծի կամ ընդհանրապես չի ներմուծի, եթե Ռուսաստանը դադարեցնի մատակարարումները միակը մնացած ուղիով՝ Ուկրաինայով եւ «Թուրքական հոսքով»։ «Հյուսիսային հոսքը» սեպտեմբերի սկզբից չի գործում։
Միջազգային էներգետիկ գործակալության հաշվետվության համաձայն, եթե ռուսական գազի առաջարկը հասնի զրոյի, իսկ ՀԲԳ պահանջարկը Չինաստանում վերականգնվի 2021թ. մակարդակին, 2023թ. պահանջարկի եւ առաջարկի միջեւ տարբերությունը ԵՄ-ում կարող է կազմել 27 մլրդ խորանարդ մետր։
Ռուսական խողովակաշարային գազի մատակարարումների կրճատման հետ կապված՝ հաջորդ տարի Եվրոպան ՀԲԳ «հսկայական ծավալի» կարիք կունենա, ավելի վաղ հայտարարել էր Trafigura թրեյդերը։ Եվրոպայում բնական գազի գները պետք է բարձր մնան, որպեսզի Եվրոպան կարողանա շարունակել ՀԲԳ մեծ քանակություն ներգրավել՝ մրցակցելով պահանջարկի այլ կարեւոր կենտրոնների հետ։
Եղանակի հետ կապված մեծ անորոշությունը եւ ԵՄ մրցակցելու ունակությունը Ասիայում ՀԲԳ պահանջարկի պոտենցիալ ավելացման հարցում՝ սա է որոշելու, թե ինչպես է Եվրոպան ապրելու հաջորդ ձմռանը։





























