Անկարան հակաիսրայելական պատժամիջոցների նոր, թվով երրորդ եւ ինչպես հայտնում է թուրքական մամուլը, վերջին փաթեթն է պատրաստել։ Այն նախատեսում է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների լիարժեք խզում, ինչն արվել է Հայաստանի նկատմամբ։
Համաձայն այդ պլանի՝ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ առեւտրային հարաբերությունները եւս կդադարեցվեն, Թուրքիան պաղեստինցիներին կօգնի միջազգային ճանաչում ստանալ եւ ճնշումներ կգործադրի ՄԱԳԱՏԷ-ի վրա, որպեսզի վերջինս պատժամիջոցներ կիրառի Իսրայելի հանդեպ, քանի որ Իսրայելը հրաժարվել է ստորագրել միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը, հայտնում է ISRAland պորտալը։ Նոր պատժամիջոցները չեղյալ հայտարարելու համար Թուրքիան Իսրայելից պահանջում է ներողություն խնդրել իրենից։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր իսպանացի գործընկերոջ՝ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Իսրայելը պետք է ներողություն խնդրի «Ազատության նավատորմի» միջադեպի առնչությամբ, փոխհատուցում վճարի եւ հանի Գազայի հատվածի շրջափակումը։
Հիշեցնենք, որ անցած տարվամայիսի 31-ին Իսրայելի ռազմածովային ուժերը ձերբակալել են «Ազատության նավատորմի» 6 նավերը, որոնք հումանիտար օգնություն էին տանում իսրայելական ուժերի կողմից շրջափակման մեջ գտնվող Գազայի հատված: Իսրայելի զինուժի գործողությունների արդյունքում թուրքական Mavi Marmara նավում զոհվել է 9 հոգի:
Հիշեցնենք նաեւ, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն օրերս հայտարարել էր, որ Անկարան նվազագույնի է հասցնում Թել Ավիվի հետ դիվանագիտական հարաբերությունները եւ «սառեցնում» ռազմական ու առեւտրային նախագծերով համագործակցությունը։




























