ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը կարծում է, որ առաջիկա մեկ տարում ղարաբաղյան պատերազմը չի վերսկսվի, սակայն միաժամանակ գտնում է, որ պատերազմին պատրաստ լինելն ավելի լավ է, քան մնալ հանգստության մեջ։ Նման տեսակետ նա հայտնեց սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Հայտնի է, որ ղարաբաղյան հիմնախնդրի վերահսկման գործառույթները ո’չ Հայաստանում են, ո’չ էլ Ադրբեջանում։ Այս գործընթացը կառավարվում է արտատարածաշրջանային ուժերի կողմից։ Պարզապես հակամարտության կողմերը չեն կարող հաշվի չառնել Մոսկվայի եւ Վաշինգթոնի կողմից իրենց պարտադրված տեսակետները։ Հետեւաբար, պատերազմի վերսկսման հավանականությունը եւս պետք է կապել դրսից եկող ազդակների հետ։ Առայժմ, իմ կարծիքով, պատերազմի վերսկսման նախադրյալներ չկան։ Ինչ վերաբերում է հակամարտության լուծմանը Հայաստանի անմիջական մասնակցությանը, ապա մենք այսօր չունենք մեր արտաքին քաղաքականությունը։ Մինչեւ մենք չունենանք մեր սեփական առաջարկները, կունենանք այն վիճակը, որն ունենք այսօր։ Գուցե սա գործող իշխանությունների համար առավել անվտանգ տարբերակն է, սակայն չեմ կարծում, որ ամենաօգտակարն է երկրի համար»,- ասաց Արման Մելիքյանը։
Անդադառնալով ղարաբաղյան պատերազմում հայկական կողմի տարած հաղթանակին՝ ԼՂՀ նախկին արտգործնախարարը նկատեց, որ այդ հաղթանակը հայ մարդու ազգային արժանապատվության միակ իրական վկայությունն է։ «Եթե այդ հաղթանակն էլ տանք, հայ մարդը այս պետությանն իրեն կապող որեւէ բան այլեւս չի ունենա։ Վերջին 20 տարիներին Հայաստանն ընդհանուր առմամբ ձախողել է պետականության եւ այն պետության կառուցում, որը կերաշխավորեր հայ ժողովրդի՝ հավուր պատշաճի անվտանգությունն ու բարգավաճումը»,- նկատեց Մելիքյանը։
Ամփոփելով՝ նախկին պաշտոնյան անդրադարձավ նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի հանդեպ Ռուսաստանի դիրքորոշմանը եւ հռետորական հարց հնչեցրեց. «Իսկ ո՞վ է ասում, որ Ռուսաստանի դիրքորոշումը այս հարցում մեզ համար նպաստավոր է։ Ռուսաստանը նույնպես կողմ է, որ տարածքները հանձնվեն, եւ եթե Ադրբեջանը համաձայնի Ռուսաստանի պայմաններին, վերջինս մեծ ուրախությամբ կաջակցի, որպեսզի տարածքները հանձնվեն։ Մեծ հաշվով, Ռուսաստանի ձեռամբ տարածքների հանձնումն այն գինն է, որը Հայաստանը պիտի վճարի, որպեսզի Ռուսաստանն Ադրբեջանում իր դիրքերն վերականգնի»։




























