Այս կազմով, այս պոտենցիալով Հայաստանի հավաքականին տեսնում են Եվրո-2012-ի եզրափակիչ մրցշարում, բայց առաջ չեմ ցանկանում առաջ ընկնել` ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարեց այսօր, սեպտեմբերի 9-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում հրավիրված մամուլի ասուլիսում

- Եղավ սերնդափոխություն, կայունացել է խաղը, կա թիմի կորիզ: Արդեն լավ արդյունքներ ենք ունենում: Վերջնական վերլուծությունը ընտրական փուլից հետո կտանք: Բայց մի մեծ քայլ առաջ է կատարվել, եւ, պոտենցիալը հաշվի առնելով, կարելի է ասել, որ այս թիմը ավելի մեծ նվաճումների կհասնի:

Անդրադառնալով առաջիկա խաղում Հայաստանի հավաքականի մրցակից մակեդոնացիներին` Մինասյանը զարմանալի համարեց խմբում այս պահին այդ թիմի զբաղեցրած տեղը. - Մակեդոնացիները որեւէ հանդիպման ժամանակ խաղով չեն պարտվել մրցակցին: Շատ լուրջ թիմ է Մակեդոնիան: Նրա այսօրվա մրցաշարային տեղը զարմանալի է: Սեփական հարկի տակ պատասխանատվությունն էլ Հայաստանի հավաքականի համար լինելու է կրկնակի – նշեց Մինասյանը:

Մինասյանի կարծիքով, Սլովակիայի եւ Իռլանդիայի հավաքականների խաղաոճերի միջեւ հսկայական տարբերություն կա. սլովակներն ավելի կոմբինացիոն են խաղում, իսկ  Իռլանդիայի թիմը տիպիկ բրիտանական ոճով է գործում:

Ընտրական մրցաշարի B խմբում բացահայտ ֆավորիտ Մինասյանը չի տեսում. չորս թիմերն էլ ֆավորիտ են եւ հավակնում են առաջին տեղը գրավելուն:

Սլովակիայի հավաքականի հետ հանդիպման բեկումնային պահը Մինասյանը համարում է 1:0 հաշվի ժամանակ Բերեզովսկու դարպասի մոտ մրցակցի ստեղծած գոլային պահը, որը իրացվել նրանց չհաջողվեց:

- Ընտրել էինք կազմ, ընտրել էին մարտավարություն, բայց այդ օրը մեր ֆուտբոլիստները դրսեւորեցին իրենց լավագույն որակները եւ դրա շնորհիվ էլ հաղթեցին, - հայտարարեց Մինասյանը:

Երեք միլիոն եվրո պարգեւատրության մասին հարցին Մինասյանը չցանկացավ անդրադառնալ: