Սեպտեմբերի 3-ին Էվանս Մբամբային հաղթելուց եւ  53,5 կգ քաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո Վիկ Դարչինյանն առաջին անգամ հանդիպեց լրագրողների հետ եւ առաջին հերթին անդրադարձավ մամուլում լայն քննարկման թեմա դարձած չեմպիոնական գոտին նախագահ Սերժ Սարգսյանին նվիրելու փաստին:

Դարչինյանը հերքեց մեկնաբանությունները, թե գոտին Սերժ Սարգսյանին է նվիրել իրեն մարզադպրոցի տարածք տրամադրելու համար:

«Գոտին նվիրել եմ նախագահին` իմ շնորհակալությունը հայտնելով մենամարտին ներկա լինելու եւ միջոցառումը հովանավորելու համար, ոչ թե դպրոցի տարածք ստանալու նպատակով: Բայց ես այդ գոտին նվիրել եմ, որ նախագահը ներկա էր եւ միայն նրա ներկայության եւ աջակցության մասին իմանալով` միջազգային ֆեդերացիան համաձայնեց Երեւանում առաջին անգամ անցկացնել աշխարհի չեմպիոնի տիտղոսի մենամարտ:

Իսկ բռնցքամարտի դպրոցի տարածքը նվեր չի, ինձ ուղղակի տարածքը տալիս են ավելի էժան, որ ես գնեմ եւ կառուցեմ, ես փող եմ ներդնում, որ մեր երեխաները մարզվեն եւ կտրվեն փողոցից: Մարզադպրոցը կլինի Երեւանում, մասնագետներ կհրավիրեմ ԱՄՆ-ից, այն կառուցելու համար»,- հայտարարեց Դարչինյանը: