Թերթը գրում է, որ երեկ հրաժարական է ներկայացրել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, որն ընդունվել է Սերժ Սարգսյանի կողմից: «Ինքը` Կ. Կարապետյանը, որեւէ կերպ չի մեկնաբանել իր անսպասելի հրաժարականը: Փոխարենը, երեկ կատարվածի վերաբերյալ ամենատարբեր վարկածներ եւ մեկնաբանություններ էին շրջանառվում էլեկտրոնային մամուլում եւ քաղաքական կուլիսներում: Այդ վարկածներից մեկի համաձայն, Կ. Կարապետյանը առաջիկայում նշանակվելու է վարչապետի պաշտոնում, եւ դրանով է պայմանավորված երեկվա հրաժարականը:

Ըստ լավատեղյակ աղբյուրների, Կ. Կարապետյանը հրաժարական է ներկայացրել սեփական նախաձեռնությամբ եւ առաջիկայում ոչ միայն վարչապետի, այլեւ գործադիր իշխանության որեւէ պաշտոնում չի ցանկանում նշանակվել:

Ավելին, մեր տեղեկություններով` նրան մի քանի պաշտոններ են առաջարկվել, որոնցից, սակայն նա հրաժարվել է:

Ի դեպ, Կ. Կարապետյանի` վարչապետ նշանակվելու լուրերի շրջանառությունը երեկ որոշակի շրջանակներում պայմանավորում էին գործող վարչապետ Տիգրան Սսարգսյանի անձով: Մասնավորապես, տարբեր միջավայրերում Տ. Սարգսյանը դժգոհել է Կ. Կարապետյանից` նրան իր հիմնական մրցակից համարելով: Անկախ ամեն ինչից, Կ. Կարապետյանի հրաժարականը կանդրադառնա առաջիկա ներքաղաքական զարգացումների, մասնավորապես` իշխանական համակարգում ուժերի վերադասավորման վրա: Բացի նախագահի աշխատակազմի ղեկավարը լինելուց, Կ. Կարապետյանը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է, ՀՀԿ Տնտեսագիտական հանձնաժողովի նախագահն է եւ կոորդինացնում է ՀՀԿ մարզային կառույցների աշխատանքը»,- գրում է «168 ժամ»-ը: