Իսրայելը դժգոհ է Գազա հումանիտար օգնություն տանող նավերին ուղեկցելու համար ռազմանավեր օգտագործելու Թուրքիայի որոշումից, սակայն մտադիր է «հրաժարվել լեզվակռվից` իրավիճակը չսրելու համար»:
«Դա վատ որոշում է, սակայն մենք չենք ցանկանում սրել հակամարտությունը»,- Իսրայելի բանակի ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Իսրայելի փոխվարչապետ, հետախուզական ծառայության նախարար Դան Մերիդորը:
Նրա խոսքով` տվյալ պարագայում ավելի լավ է զսպվածություն ցուցաբերել: Միաժամանակ Մերիդորն ավելացրել է, որ եթե Թուրքիան փորձի ճեղքել իսրայելական ծովային շրջափակումը, դա կլինի միջազգային նորմերի խախտում: Ըստ նրա` պատահական չէ, որ ՄԱԿ-ն իր զեկույցում շրջափակումն իրավաչափ է համարել:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ «Ազատության տորմիղի» նավերը` հումանիտար օգնությամբ բեռնված, Գազայի հատված կուղեւորվեն Թուրքիայի ռազմածովային ուժերի նավերի պաշտպանության ներքո:
Թուրք վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կձեռնարկի բոլոր քայլերը, որպեսզի Իսրայելը չկարողանա միայնակ բնական ռեսուրսներ արդյունահանել Միջերկրական ծովում: «Ներկայումս Թուրքիայի ռազմանավերն, իհարկե, զբաղված են ինքնապաշտպանությամբ: Դա առաջնահերթ խնդիր է: Մենք պատրաստվում ենք հումանիտար օգնություն ուղարկել եւ մեր նավերը հարձակման չեն ենթարկվի, ինչպես դա եղավ «Մարի Մարմարա»-ի հետ»,- հայտարարել է Էրդողանը:
Նշենք, որ 2010թ. մայիսին Իսրայելի ռազմածովային ուժերը գրոհով վերցրել էին Գազայի հատված օգնություն տեղափոխող «Ազատության նավատորմի» նավերը: Սպանվել էին գործողության 9 մասնակիցներ, բոլորն էլ թուրքեր:
«Մավի Մարմարա»-ի հետ կապված ՄԱԿ-ի զեկույցը ամերիկյան մամուլի միջոցով հայտնի դառնալուց հետո Դավութօղլուն խիստ է արձագանքել՝ շեշտելով, թե զեկույցն ավելի շատ քաղաքական է, քան իրավական, որը Թուրքիան չի ընդունելու։
Դրանից հետո Թուրքիան հետ էր կանչել Իսրայելում իր դեսպանին: Թուրքիան նաեւ որոշել է, որ Իսրայելի հետ կնքված միլոնավոր դոլարների ռազմական ծրագիրը կդադարեցվի:



























