ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը կրկին կալանավորվել է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Արեւիկ Խաչատրյանից։
«ՀՀ վճռաբեկ դատարանի 2022թ. դեկտեմբերի 23-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի կողմից բերված վճռաբեկ բողոքը բավարարվել է, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը`Ա.Հ.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնելու մասով, թողնվել է անփոփոխ։ Այլընտրանքային խափանման միջոցի (միջոցների) կիրառումն անբավարար է ճանաչվել»,– հայտնեց Խաչատրյանը։
Խաչատրյանն ասաց, որ որոշումը տրամադրվել է վարույթ իրականացնող մարմնին եւ հանձնարարվել ապահովել դրա պահանջների կատարումը, որի հիման վրա նույն օրը Ա.Հ.-ն կալանավորվել եւ տեղափոխվել է ՔԿՀ:
Հիշեցնենք, որ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ թաքցնելու (ՀՀ ՔՕ 314.3-րդ հոդվածի 2-րդ մաս (երկու դրվագ)) եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման համար (ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետեր):





























