Ֆրանսիայի պաշտպանության նախարարը Ուկրաինային հետագա ռազմական աջակցություն է խոստացել՝ պնդելով, որ Ֆրանսիայի կառավարության աջակցությունը չի թուլանում, հայտնում է AP-ն։

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնյուն հայտարարել է, որ իր այցը Կիեւ կարեւոր է Ուկրաինայի պաշտպանության նախարարության առաջնահերթությունները որոշելու համար։ Ֆրանսիայի աջակցությունը կներառի 200 միլիոն եվրոյի հիմնադրամ, որը թույլ կտա Ուկրաինային զենք գնել, ասել է Լեկորնյուն:

Թեեւ Ֆրանսիան չի աղաղակում Ուկրաինային իր ռազմական աջակցության մասին, ինչպես ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան, այդ երկիրը մշտապես զենք է ուղարկել Ուկրաինա:

Ֆրանսիան այս ամիս Ուկրաինային օգնության երկու համաժողով է անցկացրել: Սակայն Ուկրաինայում շատերը շարունակում են քննադատել Փարիզի արձագանքը պատերազմին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապերը պահպանելու եւ բանակցությունների միջոցով լուծում փնտրելու նախագահ Էմանուել Մակրոնի ջանքերի պատճառով:

Լեկորնյուն ասել է, որ Ֆրանսիան ռազմական տեխնիկա է փոխանցում ուկրաինական բանակին, սակայն ընդգծել է, որ դա չի թուլացնի Ֆրանսիայի պաշտպանունակությունը։ Ապագայում Ֆրանսիան կարող է նոր ՀՕՊ համակարգ մատակարարել, հայտարարել են պաշտոնյաները։