Նավթի գներն ուրբաթ բարձրացել են՝ ցուցադրելով երկրորդ, չնայած աննշան տարեկան աճն անընդմեջ, պատճառը հակամարտությունն է Ուկրաինայում, ուժեղ դոլարը եւ թույլ պահանջարկը հում նավթի ամենախոշոր ներմուծող երկրում՝ Չինաստանում, տեղեկացրել է Reuters-ը։
Brent տեսակի նավթի ֆյուչերսներն ավելացել են 44 ցենտով կամ 0,5 տոկոսով՝ մեկ բարելը 83,90 դոլար՝ նախորդ աճուրդներից հետո իջնելով 1,2 տոկոսով։
Ամերիկյան West Intermediate տեսակի նավթի գինը մեկ բարելի համար 78,88 դոլար է եղել, ինչը 48 ցենտով կամ 0,6 տոկոսով ավելին է հինգշաբթի 0,7 տոկոսով իջնելուց հետո։
Brent-ը 2022-ն ավարտում է 5,76 տոկոս աճով՝ 2021-ի 50,2 տոկոսի համեմատ։ Մարտին գները հասել էին բարձրակետին՝ մեկ բարելը 139,13 դոլար, մակարդակ, որը չէր եղել 2008-ից ի վեր։ Դա պայմանավորված է Ուկրաինայում հակամարտությամբ եւ էներգետիկ անվտանգության մտավախություններով։
WTI-ը կարող է բարձրանալ 4,5 տոկոսով՝ անցած տարվա 55 տոկոս աճից հետո։
«Այս տարին արտասովոր էր հումքի շուկաների համար, քանի որ մատակարարումների ռիսկերը հանգեցրին գների աճի»,- ասել է ING-ի վերլուծաբան Եվա Մանտին։ «Հաջորդ տարին կլինի անորոշության եւս մեկ տարի»։
Նավթի գներն արագ սկսեցին իջնել այս տարվա երկրորդ կեսին, քանի որ կենտրոնական բանկերն ամբողջ աշխարհում բարձրացրել էին տոկոսադրույքները գնաճի դեմ պայքարի համար եւ ամրապնդել են ԱՄՆ դոլարը։ Դա դոլարով ապրանքներն ավելի թանկ է դարձրել այլ արժույթ ունեցողների համար։
Չինաստանի կորոնավիրուսային սահմանափակումները եւս, որոնք թուլացան միայն դեկտեմբերին, հուսախաբ արեցին նավթի պահանջարկի վերականգնման հարցում։ Չինաստանը պետք է վերականգնվի 2023թ., բայց երկրում կորոնավիրուսի դեպքերը եւ գլոբալ ռեցեսիայի մտավախությունը մթագնում են հումքային ապրանքի պահանջարկի վերականգնման հեռանկարները։
«Հույս կար, որ ուղեւորությունների սահմանափակումների թուլացումը կբարձրացնի նավթի պահանջարկը, բայց Չինաստանում քովիդի դեպքերի կտրուկ աճը պոտենցիալ գլոբալ բռնկման լուրջ մտավախություններ է առաջացրել»,- ասել է JTD Energy Services քոնսալթինգային ընկերության տնօրեն Ջոն Դրիսկոլը։
Արեւմտյան պատժամիջոցները կստիպեն Ռուսաստանին հում նավթի եւ նավթամթերքների արտահանումը Եվրոպայից ուղղել Ասիա։
Միացյալ Նահանգներում արտադրության աճն առաջատար նավթարդյունահանող նահանգներում դանդաղել է, չնայած ավելի բարձր գներին։ Գնաճը, մատակարարումների շղթայի խնդիրները եւ տնտեսական անորոշությունը ստիպել են նրանց ղեկավարներին սահմանափակնել իրենց ակնկալիքները։





























