Հենց որ Ադրբեջանի պահանջ կատարվի և բացվի ճանապարհը, շատ կարճ ժամանակ հետո նոր պահանջ են ձևակերպելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:

«Պետք է հստակ հասկանանք, որ Ադրբեջանը ստեղծված իրավիճակում փորձում է մաքսիմալ դիվիդենտները քաղել: Դրան այսօր կարող է դիմակայել միայն Հայաստանը: Հայաստանը պետք է պահանջատեր լինի այդ փաստաթղթին: Հայաստանի ԱԺ-ի օրակարգ պետք է մտնի Արցախի անկախության ճանաչման հարցը:

Եթե Հայաստանը խուսափում է «Արցախի Հանրապետություն» արտահայտությունից, չի խոսում արցախահայության ինքնորոշման մասին և խոսում է միայն ժողովրդի ֆիզիկական անվտանգության մասին, խոսում է նշաձողն իջեցնելու մասին, անգամ դրան չի կարողանում տեր կանգնել: Սա այդ ամենի հետևանքն է: Մենք այսօր քաղում ենք Նիկոլ Փաշինյանի իշխանության դառը պտուղները: Ադրբեջանը Արցախով չի սահմանափակվելու, Արցախի հարցը լուծելուց հետո նույն ախորժակն ունենալու է Հայաստանի նկատմամբ և ինքը դա ցույց է տվել: Նիկոլ Փաշինյանը եթե չի կարողանում կատարել համարժեք քայլեր, ապա պետք է կարող ուժերին թույլ տա զբաղվել հայ ազգի փրկության հարցով»,-հայտարարեց նա: