Հայտնի լրագրող եւ բլոգեր Ալեքսանդր Լապշինը քննադատել է Արցախի շրջափակման հետ կապված հայկական սփյուռքի եւ որպես պետություն Հայաստանի գործողությունները։
«Դուք, հավանաբար, շուտով կսկսեք ինձ ատել հայկական սփյուռքի եւ որպես պետություն Հայաստանի հանդեպ մշտական քննադատության համար։ Սակայն ճշմարտությունն ավելի թանկ է, եւ ես թքած ունեմ բազմոցներին նստած եւ ինտերնետից բղավողների վրա, նրանց տեղը, ինքներդ գիտեք, թե որտեղ է։ Հայերը բողոքում են, որ աշխարհը թքած ունի Արցախի վրա, դրա մասին չեն գրում համաշխարհային լրատվամիջոցները, իսկ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում քաղաքական գործիչները սահմանափակվում են դատարկ բանաձեւերով։
Այո, դա ճիշտ է։ Բայց գիտե՞ք՝ ինչու։ Դուք ինքներդ եք մեղավոր, որ ոչ ոք ձեզ լուրջ չի վերաբերվում: Կոնկրետ օրինակ բերեմ․ հայ քաղաքական գործիչներին եւ դիվանագետներին եվրոպական եւ իսրայելական ԶԼՄ-ների հետ կապելու իմ բոլոր փորձերն անհաջողությամբ պսակվեցին, քանի որ հայերը կապ չէին հաստատում լրագրողների հետ, ուշանում էին համաձայնեցված հանդիպումներից կամ պարզապես չէին պատասխանում լրագրողների եւ հասարակական գործիչների հեռախոսազանգերին եւ էլեկտրոնային նամակներին։ Լիակատար անպատասխանատվություն եւ ինֆանտիլիզմ այն օրերին, երբ 120 հազար համաքաղաքացիներ շրջափակման մեջ են։
Փոխարենը ամբողջ Facebook-ը լի է բողոքական գրառումներով, որ բոլոր լրատվամիջոցները գրում են միայն Ուկրաինայի մասին, Իսկ Արցախի մասին մոռացել են։ Բայց ուկրաինացիները շատ ուժեղ են ինչպես դիվանագիտական, այնպես էլ տեղեկատվական ճակատում։ Եթե ուկրաինացիներին չեն պատասխանել, նրանք կրկին ու կրկին հիշեցնում են իրենց մասին, նրանք գոռում են, նրանք ստիպում են, որ Եվրոպան եւ Ամերիկան ամաչեն ոչ բավարար աջակցության համար։ Նրանք չեն նստում բազմոցին եւ չեն բողոքում, որ իրենց բոլորը չեն սիրում։
Կարծում եք՝ նրանց աջակցում են ուկրաինացի ժողովրդի հանդեպ սիրո համա՞ր։ Նրանք ուզում էին թքել Ուկրաինայի վրա, ինչպես Արցախի ու Հայաստանի, Սուդանի, Սիրիայի կամ Պակիստանի քրիստոնյաների վրա։ Բայց ուկրաինացիները գիտեն գրագետ ներկայանալ ու ստիպել նրանց անել այն, ինչ իրենց պետք է։ Այնպես որ ողջ աշխարհին մեղադրելու կարիք չկա, պետք է ճակատագիրը վերցնեք ձեր ձեռքն ու աշխատեք։
P.S․ կանախտեսելով հարցերը, ասեմ՝ ես Մոսադի գործակալ եմ, ԱԴԾ գեներալ, Ջեյմս Լապշին 007, Կոնգոյի հատուկ ծառայությունների գործակալ ու Մոլդովայի հետախուզության գնդապետ»,-գրել է նա Facebook-ի իր էջում։



























