Լաչինի միջանցքի փակման պատճառով Արցախում մանկապարտեզները, դպրոցների նախադպրոցական խմբերն ու երկարօրյա խմբերը չեն գործի՝ սննդի մատակարարման անհնարինությամբ պայմանավորված։ Այս մասին գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Հունվարի 9-ից պետք է վերսկսվեր դպրոցների և մանկապարտեզների բնականոն աշխատանքը։

Լաչինի միջանցքի փակման պատճառով Արցախում մանկապարտեզները, դպրոցների նախադպրոցական խմբերն ու երկարօրյա խմբերը չեն գործի՝ սննդի մատակարարման անհնարինությամբ պայմանավորված։

Սա անթույլատրելի է և տասնյակ հազարավոր երեխաների հիմնարար իրավունքների խախտում։

Ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլերը՝ այս խախտումների մասին փաստերը համապատասխան միջազգային ատյաններին ներկայացնելու համար։ Միաժամանակ ձմեռային արձակուրդի ավարտից հետո՝ հունվարի 9-ից ապահովված կլինեն Հայաստանում գտնվող արցախցի երեխաների կրթության հնարավորությունները»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։