«Ժառանգություն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ 6 ամիս դադարից հետո, կրկին «Ժառանգությունը» մասնակցելու է ԱԺ նիստերին:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.«Փետրվարի 28-ին ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունն առկախել էր իր մասնակցությունը ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստերին` որպես բողոքի քայլ ընդդեմ մեր ժողովրդի ներքին ու արտաքին պահանջմունքները չարտացոլող օրենսդիր օրակարգի եւ նախագահական հերթական ընտրություններից երկու տարի առաջ դրանց ելքը հակասահմանադրական եղանակով կանխորոշող կոալիցիոն նոր հուշագրի:
Այդուհանդերձ` խմբակցության պատգամավորները չդադարեցրին իրականացնել իրենց մանդատից բխող բոլոր գործառույթները: Անցել է 6 ամիս: Երեւանում եւ ՀՀ մարզերում երկրի քաղաքացիների հետ «Ժառանգության» եւ նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումները վկայում են, որ հասարակության մեջ ամրապնդվել է համակարգային փոփոխություններին միտված ամբողջական իշխանափոխության անհրաժեշտության հստակ պատկերացումը, ինչն այլեւս առոչինչ է դարձրել կոալիցիոն վերը հիշատակված հուշագիրը: Քաղաքացիները, դրական գնահատելով «Ժառանգություն» խմբակցության այդ քայլը, գտնում են` ժամանակն է, որպեսզի խմբակցությունը վերսկսի աշխատանքը խորհրդարանի լիագումար նիստերում` այդպիսով ապահովելով ժողովրդի ներկայությունը եւ բարձրագույն օրենսդիր մարմնում նրա շահերի պաշտպանությունը: Երեկ տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության վարչության եւ խորհրդարանական համանուն խմբակցության համատեղ նիստը, որի ընթացքում որոշվեց վերսկսել ԱԺ լիագումար նիստերին խմբակցության մասնակցությունը:




























