Սերժ Սարգսյանը ներկայիս քաղաքական գործընթացների հիմնական դիրիժորն է։ Սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը։

«Հենց նա, ելնելով անձնական հաշվարկներից, ներքաղաքական ասպարեզում լարվածության ավելացում կամ պակասեցում է հրահրում։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի համար դժվար չէ կաշառել Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայիս կողմնակիցներին»,- կարծում է Սեֆիլյանը։

Նա նաեւ տեսակետ հայտնեց, որ մասնակցելով այդ գործընթացներին՝ այսպես կոչված ընդդիմությունը միայն ջուր է լցնում Սարգսյանի ջրաղացին, որի հիմնական նպատակը քաղաքական դաշտի զսպումն է եւ մինչեւ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները չկանխատեսված գործընթացներ թույլ չտալը։

Սեֆիլյանը նաեւ կանխատեսեց, որ մինչեւ հերթական խորհրդարանական ընտրություններ հասարակությունը ականատես կդառնա Հայ ազգային կոնգրեսի գրեթե լիարժեք տարալուծմանը։ «Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբվել են մարդիկ, ովքեր, ըստ էության, ոչնչով չեն տարբերվում իշխանություններից եւ ձգտում են հարստացման։ Արդյունքում 2012 թվականի ընտրությունները կդառնան 2007 թվականի ընտրությունների կրկնությունը՝ նկարված արդյունքներով»։