Հայաստանում շահագործվող գյուղատնտեսական տեխնիկայի 90 տոկոսը խորհրդային արտադրության է: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 13-ին մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանը:

Խորհրդային տեխնիկան արդեն բարոյապես ու ֆիզիկապես մաշված է, չափից ավելի ծախսատար, սակայն հեշտ է կառավարվում:Ըստ Վ. Կարապետյանի` Հայաստանում ներկայում 15 հազ. տրակտոր կա: Զարմանալիորեն`  մասնավոր խողովակներով գյուղտեխնիկա գործնականում Հայաստան չի ներկրվում: Պատճառը թերեւս գյուղացիական տնտեսությունների վճարունակության պակասն է:

Գյուղտեխնիկայի պակասը հիմնականում լուծվում է դրամաշնորհների հաշվին: Այսպես` 2010 թ. Հայաստանը ճապոնական դրամաշնորհի հաշվին ձեռք է բերել 61 տրակտոր: Դրանց շուկայական արժեքը մոտ 8 մլն դրամ է, սակայն գյուղացիական տնտեսություններին տրամադրվել են 4 մլն դրամով:

Նշենք սակայն, որ դրամաշնորհային նմանատիպ ծրագրերն այնքան էլ արդյունավետ չեն` պահեստամասերի բացակայության կամ թանկության պատճառով այդ տրակտորների զգալի մասը երկար ժամանակով պարապուրդի են մատնվում:Գյուղատնտեսության փոխնախարարի տեղեկացմամբ` Հայաստանը ներկայում բանակցություններ է վարում Ռուսաստանի, Իրանի եւ Ճապոնիայի հետ` գյուղտեխնիկա ներկրելու ուղղությամբ: