Wikileaks-ի օրինակը կարող է հուշել հայ քաղաքական գործիչներին ուշիուշով հետեւել նույնիսկ ոչ պաշտոնական արտահայտություններին: Այդ մասին սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտնել է Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը:

«Wikileaks-ի վերջին հրապարակումները ցույց են տալիս, որ կուլիսներում, ժողովրդի առաջ կամ ցանկացած այլ վայրում քաղաքական գործչի հնչեցրած ցանկացած ռեպլիկ մի օր կարող է դառնալ հանրության սեփականությունը: Դրանից մեր քաղաքական գործիչները կարող են եզրակացություն անել, որ իրենց արտահայտություններում պետք է զգուշավոր լինեն»,-հայտարարել է Հ. Աբրահամյանը:

Իր եւ Հայաստանում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության ղեկավար Ջոզեֆ Փենինգթոնի հանդիպման առնչությամբ, որ մանրամասները հրապարակել էր Wikileaks-ը, Աբրահամյանը նշել է. «Ես նման հանդիպում չեմ ունեցել, եւ նման խոսակցություն չի եղել»:

Մի քանի օր առաջ Wikileaks-ի հրապարակումներից մեկում խոսվում էր, որ Փենինգտոնի հետ հանդիպման ժամանակ Աբրահամյանը քննադատության է ենթարկել վարչապետ Տիգրան Սարգսյանին` նշելով, որ նրա հայտարարությունները հակասում են գործին:

Այդ առնչությամբ լրագրողներից մեկի այն հարցին, թե ցանկանո՞ւմ է Հ. Աբրահամյանը զբաղեցնել վարչապետի պաշտոնը, խոսնակը պատասխանել է. «Ես նշել եմ, որ մենք նման խոսակցություն չենք ունեցել: Իսկ ես վարչապետ դառնալ չեմ ուզում, ես ցանկանում եմ լինել խորհրդարանի ղեկավար»: