Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից հրաժարական տված Կարեն Կարապետյանի հետ ոչ մի խնդիր էլ չի առաջացել, նա ուղղակի որոշել է իր գործունեությունը ծավալել այլ ոլորտում: Այս մասին այսօր` սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովում լրագրողներին հայտնել է խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«Իհարկե, ես ցավով եմ նկատում, որ ինքը չի մասնակցում քաղաքական գործընթացներին, դուրս է եկել աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, բայց շատ ակտիվ է եղել ե’ւ կուսակցությունում, ե’ւ իր պաշտոնում»,- ասել է Աբրահամյանը: «Եւ դրա համար ես գտնում եմ, որ մենք պետք է օգտագործեինք Կարապետյան Կարենի ուժերը քաղաքական դաշտում, բայց ինքը որոշել է օգտագործել իր ուժերը տնտեսական դաշտում»,- նշել է Աբրահամյանը:
Հարցին, թե ինչո՞ւ հենց հիմա հրաժարական տվեց նախագահի աշխատակազմի ղեկավարը, ԱԺ նախագահը պատասխանել է «Իրեն դիմեք»: Ի դեպ, Կարեն Կարապետյանի հրաժարականից հետո մարզերի հետ կուսակցական աշխատանքները համակարգելու է հենց Հովիկ Աբրահամյանը:



























