Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը  դեմ է հեղափոխություններին: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովում լրագրողներին հայտնել է խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

«Հերիք է մենք հեղափոխություններից խոսենք: Հեղափոխության մասին ենք խոսում, երբ Ազգային Ժողովի ընտրություններին մնացել է ընդամենը 7 ամիս: Թող փորձեն պատրաստվեն ընտրություններին: Ես դեմ եմ ընդհանրապես հեղափոխություններին»,- ասել է Աբրահամյանը` ակնհայտորեն ակնկարկելով ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին:

«Հեղափոխությունները ոչ թե ցանկություններով են լինում, այլ իրավիճակից ելնելով: Նման հեղափոխական իրավիճակ ես Հայաստանում չեմ տեսնում: Բայց որ մենք խնդիրներ ունենք, սոցիալական խնդիրներ, ունենք հանդուրժողականություն, համերաշխություն ամրապնդելու խնդիր, ընդունում եմ: Ունենք Ղարաբաղի խնդիր, Թուրքիայի հետ հարաբերությունների խնդիր, դրանք են մեզ համար կարեւոր: Մենք պետք է պայքարենք կաշառակերության դեմ, ոչ թե փորձենք դատարկ հայտարարություններ անել»,- ազդարարել է Աբրահամյանը:

Դիտարկմանը, թե ոչ մի խնդիր չի լուծվում եւ վիճակն ավելի է վատթարանում, նա պատասխանել է. «Ճիշտ է, արտագաղթ կա: Դրա համար պետք է նստենք ու քննարկենք, թե որ ուղղություններով բարեփոխումներ անենք: Պետք է վերանան օլիգոպոլիաները: Պետք են կոնկրետ քայլեր: Ազգային Ժողովը պատրաստ է յուրաքանչյուր լծակ, «ռիչագ» տրամադրել կառավարությանը, որ պայքարի «օլիգոմոնոպոլիաների» (բառը Հովիկ Աբրահամյանինն է-խմբ.) դեմ»,- ամփոփել է Հովիկ Աբրահամյանը: