Եվրոպական մամուլն ու ֆոնդային բորսաներն այս օրերին կրկին հեղեղվել են հունական դեֆոլտի եւ ֆոնդային բորսաներում անկայուն իրավիճակի մասին տեղեկություններով: Եվրոպայում այլեւս չեն քննարկում, թե Հունաստանը դեֆոլտ կհայտարարի՞, թե՞ ոչ, այլ քննարկում են միայն, թե դա երբ տեղի կունենա:
Իրավիճակի վրա յուղ է լցրել Հունաստանի ֆինանսների փոխնախարարի կիրակի օրվա այն հայտարարությունը, որ երկրի բյուջեն կհերիքի միայն մինչեւ հոկտեմբեր, դրանից հետո այլեւս ի վիճակի չեն վճարել աշխատավարձերն ու թոշակները:
Նշենք, որ սեպտեմբերի 30-ին Արժույթի Միջազգային հիմնադրամը պլանավորել է 8 մլրդ դոլարի հերթական տրանշի հատկացումը Հունաստանին: Եթե դա տեղի չունենա` ապա Հունաստանի կառավարությունը չի կարողանա վճարել անգամ պետծառայողների աշխատավարձը: Նշենք, որ Հունաստանի կառավարությունը մինչեւ վերջ չի կատարել նախորդ տրանշից հետո ստանձնած պարտավորությունները` պետական ծախսերը եւ բյուջեի դեֆիցիտը կրճատելու ուղղությամբ:
Բացի այդ` սպասվում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սեպտեմբերի 29-ին կհստակեցնի իր երկրի դիրքորոշումը Հունաստանին օժանդակելու վերաբերյալ, իսկ այդ երկրում աճում է դժգոհությունը գերմանացի հարկատուների փողերով Հունաստանին փրկելու Ա. Մերկելի ծրագրերի նկատմամբ:
Իսկ մինչ այդ եվրոպական բորսաներում ուղղակի խուճապ է: Ընկնում են ոչ միայն բաժնետոմսերը, այլեւ եվրոի փոխարժեքը: Երեկվանից եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ տատանվում է 1.36-ի սահմաններում, այնինչ նախորդ շաբաթ բարձր էր 1.40-ից:
Հունական դեֆոլտի անխուսափելիության մասին լուրերը առաջին հերթին հարվածել են ֆրանսիական բանկերին, որոնք մի քանի միլիարդ եվրոյի չափով հունական պարտատոմսեր են կուտակել: Տեղեկություններ կան, որ այս շաբաթ Moody’s-ը կիջեցնի Societe Generale, BNP Paribas եւ Credit Agricole բանկերի վարկանիշերը: Այս բանկերի բաժնետոմսերը անկում են ապրում սրընթաց կերպով: Նշենք, որ Credit Agricole-ը հայկական բանկերից մեկի` «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի խոշոր բաժնետերերից մեկն է:
Ամենահոռետեսական կանխատեսումների համաձայն` Եվրոպայում ռեցեսիայի երկրորդ ալիքը անխուսափելի է, ինչն էլ կհանգեցնի նավթի աննախադեպ էժանացման` մինչեւ 50-60 դոլար 1 բարելի դիմաց: Ռուս փորձագետների գնահատականով` այդ դեպքում ռուսական ռուբլու գերարժեզրկումն անխուսափելի կլինի: Սակայն, կրկնում ենք, սրանք ծայրահեղական գնահատականներ են: Առավել հավանական է համարվում այն վարկածը, որ եթե Հունաստանը տարերային դեֆոլտ չհայտարարի, ապա եվրոյի գոտու երկրները կարճատեւ անկումից հետո աստիճանաբար կկայունացնեն իրավիճակը:
Սամվել Ավագյան




























