Գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյան կրկին հերքում է, որ ինքը գնել է Մաշտոցի պողոտայի «Փակ շուկան»: Այս մասին նա հայտարարել է Ազգային ժողովում` լրագրողների հետ զրույցում:
Երբ լրագրողները փորձել են ճշտել` գնե՞լ է արդյոք նա վերոնշյալ տարածքը, Ալեքսանյանը զայրացած, արհեստական վրդովմունքով հայտարարել է, որ ինքը շուկան չի գնել, ինչ-որ հեռախոսահամար է նետել եւ ասել. «Զանգեք, ճշտեք, որ չեմ գնել» եւ հեռացել է:
Հիշեցնենք, որ երեկ` սեպտեմբերի 13-ին «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ Սեդրակ Առուստամյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել էր, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնին պատկանող, Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկան» վաճառվել է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Հարցին՝ գործարքը կնքվե՞լ է, նա պատասխանել էր. «Այո, ընթացքում է, հաշվեք, գործարքը կնքվել է»։
Առուստամյանը միաժամանակ հավելել էր, որ չի կարող ասել՝ ինչ նպատակներով հետագայում կօգտագործվի արդեն իսկ վաճառված «Փակ շուկան», «բայց որ գործարքը կատարվել է, միանշանակ է»։
Հատկանշական է, որ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը երկու օր առաջ կտրականապես հերքել էր մամուլում տարածված լուրը, ըստ որի ինքը Գագիկ Ծառուկյանից գնել է Մաշտոցի պողոտայի վրա գտնվող «Փակ շուկան»:
Հարցին, թե այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ նման խոսակցություններ են տարածվել, գործարարը պատասխանել էր. «Ես ի՞նչ իմանամ: Կարող ա՞ մտել եմ չիր առնելու»:




























