Երեւանի կոնյակի գործարանը («Արարատ» ապրանքանիշ) վաղվանից սկսում է խաղողի մթերումը: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 14-ին լրագրողներին հայտարարեց ԵԿԳ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը: Ինչպես եւ անցյալ տարի` Արարատյան դաշտում մթերումները կիրականացվեն կգ-ը 130 դրամով, իսկ Տավուշի մարզում` 120 դրամով:
Ա. Գրիգորյանը գնի տարբերությունը բացատրեց նրանով, որ Տավուշի մարզում խաղողի շաքարայնությունը զիջում է Արարատյան դաշտի խաղողի շաքարայնությանը, թեեւ Տավուշի խաղողից ավելի որակյալ սպիրտ է ստացվում:Գործարանը պատրաստվում է այս տարի մթերել մոտ 20 հազ. տոննա խաղող: Ըստ Ա. Գրիգորյանի` գործարանն ունի սպիրտի հսկայական պաշարներ, քանի որ նախորդ 3 տարիների ընթացքում մոտ 30 հազ. տոննա ավելցուկ խաղող է մթերել: Բանը հասել է նրան, որ ԵԿԳ-ում պարզապես ազատ տակառներ չկան սպիրտը ամբարելու համար: Տակառներն ազատելու համար ընկերությունը ստիպված է եղել արտասահմանյան շուկաներում իջեցնել կոնյակի գինը, ինչ հետեւանքով իրացումն ավելացել է 9 տոկոսով, սակայն շահույթը նվազել է 25 տոկոսով: Ընդ որում` իրացման աճը հիմնականում տեղի է ունեցել Եվրոպայի հաշվին:
Ա. Գրիգորյաի խոսքով` իրավիճակի ելքերից մեկն էլ սպիրտի վաճառքն է:Հուլիս 2010-հունիս 2011 ֆինանսական տարում ԵԿԳ-ն արտահանել է 2.8 մլն լիտր կոնյակ, շահույթը կազմել է 2.4 մլրդ դրամ:




























