ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր` սեպտեմբերի 14-ին, ընդունել է ԵԱՀԿ Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Ադամ Կոբերացկիին եւ նրա հետ քննարկել Հայաստանում սահմանային անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաեւ ԼՂ խնդրի լուծմանն ուղղված բանակցությունների ընթացքը:ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ-Հայաստան համագործակցությանը, Երկուստեք ընդգծվել է, որ ԵԱՀԿ-Հայաստան համագործակցությունն անվտանգությանն առնչվող ոլորտներում արդյունավետորեն զարգանում է:  Այս համատեքստում առանձնացվել են կիբեր-անվտանգության, հակաահաբեկչության եւ մարդկանց թրաֆիքինքի դեմ պայքարի ոլորտները, որտեղ հայեցակարգերը եւ ռազմավարությունները մշակվել են համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովների կողմից` ԵԱՀԿ փորձագետների ներգրավվածությամբ: 

Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է ԵՄ ֆինանսավորմամբ եւ իրականացնող գործընկեր ՄԱԶԾ-ի աջակցությամբ ընթացող սահմանների համալիր կառավարման ծրագրի իրականացման գործընթացը: Ծրագրի շրջանակներում արդեն իսկ ավարտվել են Հայաստանի հյուսիսային երեք սահմանային անցակետերի բարեփոխման նախագծահաշվարկային աշխատանքները, մոտ ապագայում հայտարարվելու է շինարարական աշխատանքների մասնակցության միջազգային մրցույթ, իսկ շինարարությունը նախատեսվում է սկսել արդեն 2012թ. առաջին եռամսյակում:  Ադամ Կոբերացկին նշել է, որ ԵԱՀԿ-ն խիստ կարեւորում է եվրոպական ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող սահմանների առկայությունը անդրսահմանային հանցավորության դեմ պայքարի համատեքստում:

Նա նաեւ տեղեկացրել է, որ ԵԱՀԿ-ն նույնպես պատրաստ է հետագայում ներգրավվել բարեփոխումների գործընթացում` խորհրդատվական աջակցության տեսքով, քանի որ ԵԱՀԿ-ն սահմանների հարցերով խորհրդատուների ամենամեծ բազա ունեցող միջազգային կառույցն է: ԼՂ հակամարտությանը վերաբերող քննարկման ընթացքում Արթուր Բաղդասարյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի լուծման ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը ամենաարդյունավետն է, քանի որ երկար տարիներ գործընթացում ներգրավված լինելով` խումբն առավելապես տիրապետում է հակամարտության բոլոր նրբերանգներին եւ մանրամասներին, իսկ թե տարածաշրջանում, թե ամբողջ աշխարհում  ազդեցիկ ուժեր համարվող համանախագահող երկրները խորապես շահագրգռված են հիմնախնդրի արագ եւ արդար լուծմամբ:  Արթուր Բաղդասարյանը նաեւ իր մտահոգությունն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ ի հակադրություն բազմիցս հրապարակայնորեն հնչեցված Հայաստանի Հանրապետության հստակ դիրքորոշման, բանակցային գործընթացին շարունակում է խոչընդոտել Ադրբեջանի փոփոխական կեցվածքը, իրարամերժ դիրքորոշումները եւ նույնիսկ սեփական ժողովրդի մեջ հարեւանի նկատմամբ ատելություն սերմանող ռազմատենչ հայտարարությունները: