Հայաստանի ֆինանսական շուկայում դրամը շարունակվում է արժեզրկվել, սակայն համեմատաբար դանդաղ տեմպերով:

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` սեպտեմբերի 14-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 376 դրամ: Այս տարվա մայիսից հետո սա դոլարի ամենաբարձր փոխարժեքն է: Ընդհանուր առմամբ, բորսայում վաճառվել է 2 մլն դոլար, ընդ որում` բոլոր գործարքներն էլ տեղի են ունեցել միեւնույն փոխարժեքով:Այնուամենայնիվ` նախորդ օրվա համեմատ կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը ոչ թե արժեւորվել, այլ աննշան չափով արժեզրկվել է: Սա խոսում է այն մասին, որ շուկան դոլարի առաջարկի պակաս չի զգում:

Գործնականում ոչ մի բանկ դոլարի համար 374.5 դրամ չի վճարում, այնինչ երեկ այդպիսի առաջարկ անում էին մի քանի բանկեր:

Ավելին` կանխիկ դոլարի առքի ամենատարծված փոխարժեքը շուկայում 373 դրամն է: Սակայն կանխիկ դոլարի վաճառքի փոխարժեքը չի նվազել` դոլար ձեռք բերելու առավել հնարավոր տարբերակը 377 դրամ վճարելն է: