Իրանի դատական իշխանությունների ներկայացուցիչը հայտարարել է, որ կեղծ է տեղեկությունը, թե լրտեսության համար ութ տարվա ազատազրկման դատապարտված ամերիկացի երկու զբոսաշրջիկները գրավի դիմաց անհապաղ ազատ են արձակվել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Դատական իշխանությունները շարունակում են ուսումնասիրել Շեյն Բաուերի եւ Ջոշ Ֆեթալի ազատ արձակման մասին պաշտպանության միջնորդությունը։

Հիշեցնենք, որ 29-ամյա երկու ամերիկացիներ Շեյն Բաուերը եւ Ջոշ Ֆեթալը ձերբակալվել էին 2009 թվականի հուլիսին՝ Իրանի եւ Իրաքի միջեւ՝ Իրաքյան Քուրդիստանի շրջանում սահմանը հատելու համար։ Ամերիկացիների նկատմամբ դատական գործընթացն ավարտվել էր անցած ամիս։ Դրա ավարտից առաջ լուրեր էին տարածվել, որ Ռամադան ամսվա կապակցությամբ զբոսաշրջիկներին ազատ կարձակեն, սակայն լուրերը կեղծ էին եղել։

Ձերբակալվածների փաստաբան Մասուդ Շաֆաին ավելի վաղ նշել էր, որ գործընթացի ողջ ընթացքում այդպես էլ թույլտվություն չի ստացել հանդիպել պաշտպանյալների հետ։

«Իմ հաճախորդների կողմից լրտեսության կամ սահմանի ապօրինի հատման օգտին որեւէ վկայություն չկա։ Ցավոք, նրանք պատանդ են պահվում՝ դառնալով կառավարության քաղաքական խաղի զոհերը։ Քաղաքական տեսանկյունից նրանք, որքան հնարավոր է շուտ, պետք է ազատ արձակվեն, քանի որ այս գործընթացը վնասում է Իրանի հեղինակությանը»,- հայտարարել է փաստաբանը։

Այն մասին, որ Բաուերը եւ Ֆեթալը ազատ կարձակվեն երկու օրվա ընթացքում, երեքշաբթի ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։