«Վիցե-միսս Ռուսաստան»-ի՝ Ալյոնա Կուզնեցովայի հետ թուրքական առողջարանային քաղաքում տհաճ միջադեպ է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է NEWSru.com-ը` վկայակոչելով «Կոմսոմոլսկայա պրավդային», միջադեպը Բելեքում տեղի է ունեցել դեռ օգոստոսի 26-ին: Երիտասարդները գնացել են էքսկուրսիայի։ Ալյոնան անցել է մի կողմ, որպեսզի ոտքերին արեւապաշտպան քսուք քսի, եւ զբոսավարներից մեկն առաջարկել է օգնել նրան։

Աղջիկը հրաժարվել է, սակայն զբոսավարը շարունակել է պնդել։ Միջամտել է Ալյոնայի փեսացուն՝ Ալեքսանդր Ուշնիկովը։  «Իսկ ինձ քսուք չե՞ս ուզում քսել»,- հարցրել է նա։ Թուրքն առաջարկել է մի կողմ քաշվել եւ հաշիվներ մաքրել, իսկ հետո Ալեքսանդրի խոսքով, անսպասելի գետնից վերցրել է սալիկը եւ խփել իր գլխին։

Երիտասարդը կորցրել է հավասարակշռությունը, ընկել, իսկ զբոսավարը բռնել է նրա մազերից եւ գլուխը խփել իր ծնկին: Զբոսավարին օգնության են շտապել մի քանի տեղաբնակներ եւ սկսել են ծեծել Ալեքսանդրին։ Նրանք պատմել են, որ թուրքերը վերցրել են մակույկի թիակը, ասես պատրաստվել են ոչ թե ծեծել Ալեքսանդրին, այլ սպանել։

Աղջիկը վազել է օգնության, սակայն արդյունքում նրան էլ է բաժին հասել։

Ուշնիկովը պատմել է, որ միջադեպից հետո թուրք բժիշկներն իր մոտ ոչ մի վնասվածք չեն հայտնաբերել, թեեւ ջարդված են եղել նրա կողերը, ինչպես նաեւ ուղեղի ցնցում է ստացել։