Ռուս հայտնի դիրիժոր, Ռուսաստանի վաստակավոր արտիստ, ՌԴ երգահանների միության անդամ Միխայիլ Ալեքսանդրովիչ Արկադեւը, ով հրապարակայնորեն հրաժարվել էր մտնել Վլադիմիր Պուտինի «Համառուսաստանյան ազգային ճակատ»-ի մեջ եւ հեռացվել էր վլադիվաստոկյան Խաղաղօվկիանոսյան նվագախմբի գեղարվեստական ղեկավար պաշտոնից, դիմել է Վրաստանի իշխանություններին` վրացական քաղաքացիություն ստանալու խնդրանքով, հաղորդում է NEWSru.com-ը:
Ներկայումս Արկադեւը գտնվում է Թբիլիսիում, որտեղ ժամանել է համերգներին մասնակցելու առաջարկով: «Ռուսթավի-2» հեռուստաալիքին հարցազրույց տալու ժամանակ էլ նա հայտարարել է, որ ցանկանում է Վրաստանի քաղաքացիություն ստանալ:
«Ես առաջին անգամ եմ Վրաստանում, բայց հոգով միշտ էլ այստեղ եմ եղել…Ես ցանկանում եմ Վրաստանի քաղաքացիություն ընդունել, որովհետեւ ձեր երկիրը արագորեն զարգանում է»,-հայտարարել է դիրիժորը: «Ես ափսոսում եմ, որ ձեզ մոտ առկա ժողովրդավարությունը Ռուսաստանում գոյություն չունի»,-նշել է Արկադեւը:
Հիշեցնենք, որ Արկադեւն առաջիններից էր, ով 2010 թ. մարտին ստորագրեց ռուսական ընդդիմության «Պուտինը պետք է հեռանա» դիմումի տակ, որի նպատակը վարչապետի հրաժարականն էր:




























