Ռուսաստանցի հայտնի հայ գործարար, «Տրոյկա դիալոգ» ընկերության նախագահ Ռուբեն Վարդանյանը, ով Դիլիջանում միջազգային դպրոց ստեղծելու նախաձեռնությամբ է հանդես եկել, հայտարարել է, որ հասարակությունն իրեն ճիշտ չի հասկացել, որ բողոքում է օտարալեզու դպրոց բացելու իր նախաձեռնության դեմ: Խոսքը մասնավորապես, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» շարժման մասին է:
«Մենք ընդամենը մասնավոր միջազգային դպրոց ենք կառուցում, որտեղ պետք է սովորեն ոչ միայն հայ երեխաները, այլ նաեւ արտասահմանցիներ, եւ ինչպես ընդունված է ամենուր` կրթությունը այդ դպրոցում անգլերենով է լինելու, հակառակ դեպքում` արտասահմանցու չես բերի Դիլիջան», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Ռուբեն Վարդանյանը:
«Ինչ վերաբերում է հայերենին, ապա սա լուրջ խնդիր է, եւ այս խնդրով պետք է ամենայն լրջությամբ զբաղվել, պետք է մեծ ներդրումներ անել, որպեսզի կարողանանք պահպանել հայերեն լեզուն», - ասել է նա:
Ամեն դեպքում, դպրոցն այսօր արդեն կառուցվում է, եւ Վարդանյանը հույս է հայտնում, որ 2013 թվականի սեպտեմբերին կրթօջախն իր դռները կբացի առաջին աշակերտների առջեւ:
Ռուբեն Վարդանյանը նաեւ շարունակում է «Տաթեւ» ծրագիրը, մասնավորապես` առաջիկայում այստեղ սրճարան է բացվելու, քանի որ ճոպանուղուն սպասող մարդկանց մեծ հերթեր են գոյանում եւ մարդիկ հնարավորություն կունենան այդ ժամերն անցկացնել ավելի հարմարավետ պայմաններում:
«Տրոյկա դիալոգ» ընկերության սեփականատերը բարեգործական ծրագրեր է իրականացնում նաեւ Ղարաբաղում, մասնավորապես` նա անձամբ օգնում է 250 ղարաբաղցի երիտասարդ ընտանիքների, եւ արդեն, ինչպես ինքն է ասում, «280 ղարաբաղցի երեխա ունի»:
«Խնդիրն այն է, որ Ղարաբաղում հնարավորինս շատ երեխա ծնվի` սա է այս ծրագրի նպատակը», - ասել է նա:
Մոսկվայում տարբեր հայերի կարելի է հանդիպել` տարբեր երկրներից, եւ նրանցից շատերն են ասում, որ կուզենան օգնել Հայաստանին, կուզենան լուրջ ներդրումներ կատարել, սակայն չեն հավատում, որ Հայաստանում կարելի է անվտանգ բիզնես անել, եւ որ եթե ամեն ինչ օրինական լիներ, իրենք ավելի ակտիվ կլինեին: Ռուբեն Վարդանյանը ասում է, որ իրականում ամեն ինչ մարդուց է կախված, եւ միշտ էլ կարելի է հազար ու մի պատճառ գտնել ինչ-որ բան չանելու համար:
«Իհարկե, Հայաստանում կան խնդիրներ, եւ ամենեւին էլ իդեալական պայմաններ չեն բիզնեսի համար, սակայն ցանկության դեպքում կարելի է բոլոր այդ դժվարությունները հաղթահարել. սա յուրաքանչյուր մարդու ընտրությունն է», - ընդգծում է Ռուբեն Վարդանյանը:
Նա վստահեցրել է, որ Հայաստանում տնտեսությունը թեեւ դանդաղ, բայց զարգանում է, եւ առաջխաղացում այսօր կա: Հարցին, թե իսկ անկախության 20-ամյակի տոնի նախօրեին ինչպե՞ս կամփոփեք անցած տարիները, Վարդանյանը պատասխանել է. «Եթե անկեղծ լինենք, ապա մենք պետք է հպարտանանք, քանի որ շատ բաների ենք հասել այս 20 տարիներին` հաղթել ենք պատերազմում, կարողացել ենք հաղթահարել սարսափելի երկրաշարժի հետեւանքները, կարողացել ենք պետականություն կառուցել, երբ 800 տարի այն չունեինք: Մենք շատ թանկ գին ենք վճարել` խոսքը այն մասին է, որ այս տարիներին Հայաստանից շատ-շատերն են մեկնել: Գիտեմ, որ այսօր էլ կան նման տրամադրություններ, գիտեմ, որ այսօր էլ շատերն ուզում են մեկնել Հայաստանից, եւ Հայաստանը ծաղկուն երկիր կլինի միայն այն դեպքում, երբ հայաստանցի երիտասարդը իր ապագան տեսնի հենց Հայաստանում: Սա է ամենակարեւորը»:




























