ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հարություն Փամբուկյանն այժմ գտնվում է Մոսկվայում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց նրա եղբոր տղան` Արմանը: Բանն այն է, որ NEWS.am-ը զանգահարել էր Հարություն Փամբուկյանի բջջային հեռախոսահամարին, որը, սակայն, գտնվում էր նրա ազգականի մոտ:

Արմանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեց լուրերը, որ պատգամավոր հորեղբայրը վաճառել է իր բիզնեսները եւ մտադիր է բնակություն հաստատել Ռուսաստանում: Նա նշեց, որ Հարություն Փամբուկյանը կվերադառնա, բայց կոնկրետ ժամկետ չնշեց: NEWS.am-ը խնդրեց տրամադրել Հարություն Փամբուկյանի հեռախոսահամարը, սակայն պարզվեց, որ Արմանը չունի իր հորեղբոր հեռախոսահամարը:

Հիշեցնենք, որ թերթերից մեկն այսօր գրել էր, որ խմբակցության պատգամավոր Հարություն Փամբուկյանը «կորել» է: Ըստ այդմ, նշվել է, որ պատգամավորները չեն հիշում, թե երբ են նրան վերջին անգամ տեսել, լրագրողները` նույնպես: ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված քվեարկությունների արդյունքներով` նրա մասնակցությունը քվեարկություններին 0 տոկոս է: Այսինքն, ոչ մի քվեարկության չի մասնակցել: Այսինքն, «հավերժ բացակա» է: Հարություն Փամբուկյանի կուսակից պատգամավորները խուսափում են պաշտոնապես ասել, թե որտեղ է իրենց գործընկերը: Փոխարենը ոչ պաշտոնապես ասում են, որ նա տեղափոխվել է Մոսկվա, այնտեղ  է ապրում: Այսինքն, պատգամավորն իր ընտրողներին, ընտրատարածքը թողել-գնացել է, բայց մանդատից չի հրաժարվել:

Հավելենք, որ  ըստ մամուլի հրապարակումների` Հ. Փամբուկյանն այս ընթացքում հասցրել է վաճառել իրեն պատկանող հայաստանյան բիզնեսների մեծ մասը: Իսկ ըստ ԱԺ պատգամավորների` առաջիկայում նա կշարունակի նույն հաճախականությամբ բացակայել ԱԺ նիստերից: