Նորվեգական լրատվամիջոցները հրապարակել են ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի լուսանկարը, որն արվել է հուլիսի 22-ին` անվտանգության տեսախցիկներից: Այնտեղ երեւում է, որ Բրեյվիկը ոստիկանի համազգեստով է: Լուսանկարն արվել է Օսլոյի կենտրոնում գտնվող անվտանգության տեսախցիկից, հենց այն ժամանակ, երբ Բրեյվիկը պատրաստվում էր ականապատված մեքենան կայանել կառավարության շենքի մոտ:
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին սկզբում պայթյուն էր տեղի ունեցել Օսլոյում` կառավարական շենքերի մոտ, իսկ մի քանի ժամ անց ոստիկանական համազգեստով տղամարդը գնդակոծության էր ենթարկել մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Ուտոյա կղզում կառավարող Նորվեգական աշխատավորական կուսակցության երիտասարդական ճամբարը: Ողբերգությանը զոհ էր գնացել առնվազն 77 մարդ:
Ահաբեկիչը` 32-ամյա Անդերս Բրեյվիկը դատարանում հայտարարել էր, թե փորձել է փրկել Նորվեգիան: Ահաբեկչությունից առաջ նա համացանցում մանիֆեստ էր հրապարակել, որում դատապարտում էր բազմամշակութայնությունը եւ առաջարկում Եվրոպայից ոչ եվրոպացիների արտաքսման եւ իսլամի ճնշման իր պլանը: Նա հայտարարել էր, որ ունի Եվրոպայից, Հյուսիսային Ամերիկայից, Ավստրալիայից, Հարավային Աֆրիկայից, Հայաստանից, Իսրայելից եւ Հնդկաստանից կողմնակիցների` «մշակութային պահպանողականների» 8000 էլեկտրոնային հասցեներ:



























