Լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության մեջ մեղադրվողներից մեկը` ՆԳՆ պաշտոնաթող գնդապետ Դմիտրի Պավլյուչենկովը ենթադրում է, որ սպանության պատվիրատուն կարող է լինել գործարար Բորիս Բերեզովսկին, ով դիմել է չեչեն քրեական հեղինակություն Լոմ-Ալի Գայտուկաեւին, գրում է «Կոմերսանտը»:
Ինքը` Բերեզովսկին «Կոմերսանտի» թղթակցի հետ զրույցում այդ վարկածը կապել է Ռուսաստանում ընթացող քաղաքական գործընթացների հետ: Նախկին ոստիկանի պաշտպանությունը չի կարողացել հաստատել այս վարկածը, իսկ ՌԴ քննչական կոմիտեում այն թողել են առանց մեկնաբանության:
ՌԴ քննչական կոմիտեն ավարտել է ՆԳՆ պաշտոնաթող գնդապետի հարցաքննությունը, ով մեղադրվում է Աննա Պոլիտկովսկայայի սպանության մեջ եւ նրա ցուցմունքները համընկել են հետաքննության վարկածի հետ, գրում է «Կոմերսանտը»:
Քննության վարկածով, սպանությունը կազմակերպած եւ իրականացրած խմբում ընդգրկված են եղել Լոմ-Ալի Գայտուկաեւը, նախկին ոստիկան Սերգեյ Հաջիքուրբանովը, ՆԳՆ պաշտոնաթող գնդապետ Դմիտրի Պավլյուչենկովը, Ջաբրաիլ, Իբրահիմ եւ Ռուստամ Մահմուդով եղբայրները: Հանցագործության կազմակերպիչը, ըստ հետաքննության, Գայտուկաեւն է:
Պավլյուչենկովի վարկածի համաձայն, «գործողության» նախապատրաստական փուլում, խոսքը գնում էր միայն լրագրողուհուն հետեւելու մասին, բայց հետո Գայտուկաեւից ցուցում է եկել, որ սպանությունը պետք է կատարվի հոկտեմբերի 7-ից ոչ ուշ: Այդ օրը Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է, ով այդ ժամանակ երկրի նախագահն էր:
«Մոտ ժամանակներս, հետաքննությունը կառանձնացնի Պավլյուչենկովի գործը եւ այն դատարանի կողմից կքննարկվի հատուկ կարգով, ինչը մեղադրյալին երաշխավորում է նվազագույն պատժաչափ»,- գրում է թերթը:


























