Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը սեպտեմբերի 16-ին, հանդիպել է Շիրակի մարզի ֆերմերների հետ եւ հայտնել, որ այս տարի նախատեսված է հանրապետություն ներկրել 3 հազար տոննա ցորենի սերմացու: Այն կհատկացվի մարզերի խոշոր գյուղացիական տնտեսություններին:

Ծրագրից կարող են օգտվել նրանք, ովքեր ունեն 7 եւ ավելի հեկտար հողատարածք եւ, որոնք նախկինում մշակված չեն եղել հացահատիկային մշակաբույսով: Շիրակի մարզի գյուղացիական տնտեսություններին բաժին կհասնի 687 տոննա սերմացու, իսկ հանրապետությունում շահառուների թիվը 145 է: «Նախապես զգուշացնում եմ սերմացու ստացողները պետք է խաղան մեր կանոններով ու ենթարկվեն գյուղնախարարության սահմանած չափորոշիչներին»,- Շիրակի մարզի ֆերմերներին զգուշացրել է Սամվել Գալստյանը:

Խոսքն ակնհայտ դուր չի եկել  որոշ ֆերմերների, ովքեր սկսել են բարձրաձայնել, թե տարին այնքան էլ բարենպաստ չի եղել, կան համայնքներ, որտեղ բերքի 30 տոկոս անկում է գրանցվել: Շատ համայնքներում անգամ ցանքատարածություններն են նվազել: Շիրակի մարզի Գետք համայնքից ընդամենը 4 ֆերմերի է հասել սերմացու, իսկ գյուղապետը մտավախություն է հայտնել, թե վերադարձնելու պայմաններն են խիստ:

Մտավախություն են հայտնել նաեւ ախուրիկցի ֆերմեր Սամվել Բադեյանը եւ Ախուրյանի բնակիչ Ատոմ Մաթեւոսյանը: «Համայնքներում ոռոգման ջրի խնդիրը դեռեւս լուծված չէ, բացի դրանից առկա է գյուղտեխնիկայի պակաս: Հողի հետ աշխատելը ռիսկային է»,-նշել են նրանք:

Քննարկման ընթացքում ֆերմերները փորձել են փոխնախարարի ուշադրությունը հրավիրել այն հարցին, որ մարզում քիչ է խոշոր հողակտորներ ունեցողների թիվը: Ըստ գյուղատնտեսների, ծրագիրը սոցիալական չէ, պետությունը սերմացուն տրամադրելու է նրանց, ումից կկարողանա կրկնակին ստանալ: