Երեւանի քաղաքապետարանը մտադիր է կեսով չափ կրճատել միկրովտոբուսների թիվը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը: Նա նշել է, որ այդ նպատակով, քաղաքապետարանը արտասահմանյան տարբեր ընկերությունների հետ հանդիպումների ժամանակ քննարկում է Երեւան ավտոբուսներ ներկրելու խնդիրը:

Ըստ այդմ, արդեն հայտնի է, որ չինական դրամաշնորհի շրջանակներում, արդեն այս տարվա նոյեմբերին Երեւանում կլինեն չինական 66 ավտոբուսներ, իսկ մինչեւ 2012-ի առաջին եռամսյակի` եւս 200-ը:

Արթուր Գեւորգյանը նշել է, որ քաղաքապետարանի կողմից մշակված տրանսպորտի հայեցակարգի համաձայն` երթուղային որոշ գծեր շտկվելու են, որոշները` երկարացվելու, հանվելու եւ այլն: «Գծերի փոփոխություն է լինելու, ավելի շատ երեւի կավելացվեն, որովհետեւ դրանք պետք է լինեն տրամաբանված»,- նշել է նա:

Ինչ վերաբերում է այն երթուղային գծերին, որոնց լիցենզիաները դադարեցվել են` (թիվ 69 եւ 76 երթուղային գծեր), ապա թիվ 76 երթուղու դեպքում քաղաքապետի որոշումը կասեցվել է, քանի որ այդ երթուղայինը սպասարկող ընկերությունը դատական կարգով բողոքարկել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշումը` վերջինիս գործունեությունը կասեցնելու հետ կապված: Նա նաեւ նշել է, որ շատ-շատ գծերի մրցույթներ արդեն ավարտվել են եւ դեռ կլինեն նոր մրցույթներ, որպեսզի վերականգնվեն այդ երթուղային գծերը:

Քաղաքապետարանի աշխատակցից հետաքրքրվեցինք նաեւ, թե ի՞նչ արդյունքներ է տվել քաղաքի տրանսպորտը բեռնաթափելու ծրագիրը եւ այդ նպատակով արված քայլերը, մասնավորապես` դպրոցներում եւ մանկապարտեզներում պարապմունքները 8:30, իսկ բուհերում` 9:30 սկսելու որոշումը: «Չեմ ասում ամբողջությամբ, բայց քաղաքի կենտրոնը որոշակի չափով բեռնաթափվել է: Ասել, որ լիարժեք ստացել ենք 100 տոկոսանոց արդյունք, ծիծաղելի կլինի, բայց որ որոշակի բեռնաթափում կա, դա էլ փաստ է»,- ասել է Արթուր Գեւորգյանը: