Ֆուտբոլային դիվանագիտությունը «վազվզոցի էր զոհից հանցագործի մոտ»: Այդ մասին սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած ասուլիսում հայտնել է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոսը)` նշելով, որ ողջունում է վերջին շրջանում Հայաստանի իշխանությունների քաղաքականության մեջ առկա որոշակիությունը:
Վետերանի այդ գնահատականները հիմնականում վերաբերում են հայ-թուրքական գործընթացին, որտեղ պաշտոնական Երեւանի հռետորաբանությունը խստացվել է եւ հստակեցում է մտցվել մի շարք հարցերի շուրջ, մասնավորապես Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ:
«Իշխանություններն իրենց ժողովրդի իրավաբաններն են, եւ այդ ֆոնի վրա հանցավոր կառավարության հետ բանակցություններ վարելը ես ճիշտ չեմ համարում»,-հայտարարել է Կոմանդոսը:
Լրագրողների այն հարցին, թե ինչի՞ հետ էր կապված հստակություն մտցնելը, Կոմանդոսը պատասխանել է, որ այդ հարցում մեծ դեր է խաղացել Սփյուռքի կոշտ դիրքորոշումը, սակայն կա նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի ներդրումը:
Այն հարցին, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը երեք տարի սպասել եւ նոր միայն հստակեցում մտցրել, Տեր-Թադեւոսյանը հայտնել է, որ երկար տարիներ Հայաստանի դիվանագիտությունը կառուցվել է «որքան թույլ, այնքան լավ» սկզբունքի վրա, տրվել են որոշակիորեն սխալ կողմորոշումներ, իսկ դա հասկանալու եւ շտկելու համար ժամանակ է պահանջվել:
Իսկ կապվա՞ծ է արդյոք Սերժ Սարգսյանի ներկայիս հռետորաբանությունը նախընտարական գործընթացների հետ, հարցին էլ արձագանքել է. «Դուք ավելի լավ կկարողանաք պատասխանել այդ հարցին: Ես այդ գործընթացներին չեմ հետեւում, դրանք ինձ չեն հետաքրքրում, ինձ իրականությունն է հետաքրքրում»:




























