Ոստիկանությունը քիչ առաջ ՊՆ նախկին շենքում ապրող եւս 4 բնակչի է բերման ենթարկել։ Տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց բնակիչներից մեկը։
«Բնակիչներն ուզում էին չոր ծառը կտրեն, որ վառեն, ոստիկաններն էլ թույլ չտվեցին ու բերման ենթարկեցին 4 տղամարդու»,– ասաց նա։
Ոստիկանությունից NEWS.am-ին ասացին, որ 4 քաղաքացիներն էլ բերման են ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով։
Նշենք, որ այսօր՝ առավոտյան ժամը 8-ի սահմաններում, մի քանի ավտոբուսներով ոստիկաններ են եկել ՊՆ նախկին շենք, եւ ՊԵԿ գրության հիման վրա՝ ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող մարդկանց հանել։ 22 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
ՊՆ նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել պաշտպանության նախարարությանը։ Նախորդ տարվա ապրիլին կառավարությունը որոշեց այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ հետո շենքը տրամադրեց ՊԵԿ–ին։




























