Հայաստանի ԿԳՆ-ում այսօր` սեպտեմբերի 17-ին, կայացել են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» եւ «Տարվա լավագույն դաստիարակ» ամենամյա մրցույթների հանրապետական փուլը:
ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մրցույթներն անցկացվել են ԿԳ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովները: Մրցույթներին մասնակցել է 30 մանկավարժ` ՀՀ բոլոր մարզերից եւ Երեւանից: Մրցույթի ամփոփումից հետո կպարզվեն «Տարվա լավագույն ուսուցիչը», «Տարվա լավագույն տնօրենը» եւ «Տարվա լավագույն դաստիարակը»:
Հաղթողների անունները կհրապարակվեն «Ուսուցչի օրը»` հոկտեմբերի 5-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում նախատեսվող տոնական միջոցառման ընթացքում: «Տարվա լավագույն ուսուցչին» եւ «Տարվա լավագույն դաստիարակին» կտրվեն ավտոմեքենաներ:
«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթում սահմանվել են նաեւ հետեւյալ անվանակարգերը `
•«Նվիրում երեխաներին»,
•«Ավանդույթները եւ նորարարությունը մանկավարժության մեջ»,
•«Ազգային ավանդույթները պահպանելու եւ փոխանցելու համար»:
«Տարվա լավագույն տնօրեն» մրցույթում սահմանվել են նաեւ հետեւյալ անվանակարգերը `
•«Ուսումնադաստիարակչական աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար»,
•«Հայրենասիրական եւ գեղագիտական դաստիարակության լավագույն փորձի համար»,
•«Ուսուցման նորագույն մեթոդների ներդրման լավագույն փորձի համար»,
«Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթում սահմանվել են նաեւ հետեւյալ անվանակարգերը `
•«Սիրտս նվիրում եմ երեխաներին»,
•«Երեխաների կյանքը հետաքրքիր անակնկալներով հարստացնելու համար»,
•«Բնության կրտսեր բարեկամ դաստիարակելու համար»:




























