Լատվիայում խորհրդարանական ընտրություններին սեպտեմբերի 17-ին մասնակցել է ընտրողների մեկ քառորդը։
Սոցիոլոգների հարցումներով, առաջին տեղում է Ռիգայի քաղաքապետ 35-ամյա Նիլ Ուշակովը։ Նա, նախնական տվյալներով, հավաքել է 18 տոկոս ձայն։ Ուշակովը գտնում է, որ «կարծրատիպերը պետք է ջարդվեն» եւ Լատվիան հարաբերությունները հարթի Ռուսաստանի հետ, հայտնում է Gazeta.ru-ն։
Նրան մի փոքր զիջում է Զատլերսի բարեփոխումների կուսակցությունը, որը ղեկավարում է երկրի նախկին ղեկավար Վալդիս Զատլերսը։ Նա, համաձայն սոցհարցման, կարող է 17,3 տոկոս ձայն հավաքել։
Ընտրություններին մասնակցում է 13 կուսակցություն եւ միավորում։ Խորհրդարան անցնելու համար պետք է հաղթահարել 5 տոկոսանոց շեմը։ Լատվիայի խորհրդարանում կա 100 պատգամավոր։
Ընտրությունների օրը աշխատում են 950 ընտրատեղամասեր՝ Լատվիայի ողջ տարածքում, ինչպես նաեւ 77 ընտրատեղամասեր 39 երկրներում, հայտնում է NEWSru.com-ը։




























