Ադրբեջանի Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում մարդու իրավունքների կոպիտ խախտումները եւ այնտեղ ամենափակ վարչակարգերից մեկի առկայությունը լրջորեն անհանգստացնում է Արեւմտյան ինստիտուտներին, այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը` վկայակոչելով Բաքվի դիվանագիտական շրջանակներին մոտ կանգնած իր աղբյուրը: Թերթը հայտնում է, որ ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն քննարկում են «Նախիջեւանի խան»-ին` Գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովին սանձելու հարցը: 

Լինելով Իրանին սահմանամերձ անկլավային շրջան` Նախիջեւանը լուրջ վտանգ է ստեղծում Վաշինգթոնի տարածաշրջանային շահերի համար: Ամերիկացիները կարծում են, որ ներկայումս Նախիջեւանը դարձել է «բեկման» հիմնական շրջան Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների համար:

Աղբյուրի տեղեկություններով, ԱՄՆ-ում եկել են այն եզրահանգման, որ Նախիջեւանի իշխանությունների որոշ ներկայացուցիչների դեմ պետք է անձնավորված պատժամիջոցներ կիրառել, առաջին հերթին ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովի դեմ: Ավելին, արդեն կազմվել է Նախիջեւանի վարչակարգում առկա «անցանկալի» անձանց ցուցակը, որն ուղարկվել է Վաշինգթոն: Ցուցակում հատկապես ներառված են այն մարդիկ, ովքեր իրենց գործունեության ընթացքում բազմիցս խախտել են մարդու իրավունքները, ուժ են կիրառել եւ խոշտանգումների ենթարկել քաղաքացիական հասարակության ակտիվիստներին եւ լրագրողներին:

Հիշեցնենք, որ Նախիջեւանի դրությունը քննարկվել է նաեւ ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի լսումների ժամանակ: Իսկ ինտերնետում ամենաուժեղ գրաքննությունը Նախիջեւանի հանրապետությունում է իրականացվում, եւ նման հրաման է տվել Վասիֆ Թալիբովը, գրում է «Ենի Մուսավաթ»-ը: