Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում այսօր՝ փետրվարի 17-ին,  տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Կառավարության  տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԵՄ-ն Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների հիմնական գործընկերն է եւ շնորհակալություն է հայտնել այդ ուղղությամբ ցուցաբերվող օժանդակության համար:

Ուրսուլա Ֆոն դեր Լայենը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը եւ հայտնել ԵՄ պատրաստակամությունը` շարունակելու աջակցության ծրագրերը մեր երկրին:

Կողմերը մտքեր են փոխանակել Եվրամիության Արեւելյան գործընկերության տնտեսական ու ներդրումային պլանի շրջանակներում ՀՀ-ում իրականացվելիք ծրագրերի շուրջ:

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակին: