Ստամբուլում ավարտին է մոտենում ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Վերջին օրը Հայաստանի ըմբիշներից մեդալին առավել մոտ էր 120 կգ քաշային Ռուսլան Բասիեւը: Հայաստանի ներկայացուցիչը քառորդ եզրափակիչում պարտվեց ռուսաստանցի Բիլյալ Մախովին, որը հետագայում հասավ եզրափակիչ:

Բրոնզե մեդալի համար պայքարի հենց առաջին գոտեմարտում Բասիեւը պարտվեց մոնղոլ Չուլուունբատ Յարգալսայխանին եւ դուրս մնաց պայքարից:

66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը պարտվեց հենց առաջին գոտեմարտում:

74 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրեց Մուսա Մուրտազալիեւը, որը երկու հաղթանակից հետո քառորդ եզրափակիչում պարտվեց ադրբեջանցի Աշրաֆ Ալիեւին եւ մնաց առանց մեդալի եւ օլիմպիական ուղեգրի:

Հայաստանի երկու հավաքականները Ստամբուլում նվաճեցին մեկ բրոնզե մեդալ եւ երկու օլիմպիական ուղեգիր: Հունահռոմեական ըմբշամարտում Արսեն Ջուլֆալակյանը գրավեց երրորդ տեղը, իսկ ազատ ոճայինների պայքարում Միհրան Ջաբուրյանը բավարարվեց 5-րդ տեղով: