Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի խորհուրդն օժտվելու է շահառուներին լրացուցիչ սոցիալական ծառայություններ տրամադրելու լիազորություններով ՝ նրանց իսկ կողմից սահմանված պայմաններով։
Ազգային ժողովում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։
Փոխնախարարի խոսքով՝ փոփոխություններով նախատեսվում է նաեւ նյութական օգնություն վճարել այն զինծառայողներին, ովքեր ունեն առաջին, երկրորդ եւ երրորդ խմբի հաշմանդամություն, ֆունկցիոնալության խորը կամ խիստ սահմանափակում։ Վճարումները կկատարվեն մինչեւ «Անձի ֆունկցիոնալության հնարավորությունների գնահատման մասին» օրենքի ուժի մեջ մտնելը։ Այսինքն՝ խոսքը անցումային շրջանի մասին է։
«Ֆինանսական աջակցության առաջարկվող չափը սպայական կազմի համար կազմում է 75 հազար դրամ, պայմանագրային զինծառայողների, մոբիլիզացվածների եւ կամավորների համար՝ 50 հազար դրամ, ժամկետային զինծառայողների համար՝ 25 հազար դրամ»,- ասաց Խաչատրյանը։
Գումարները, ինչպես նշեց Կառավարության ներկայացուցիչը, որոշվել են հաշվի առնելով մի քանի գործոն։ Նշված անձինք, մասնավորապես, կստանան հաշմանդամության զինվորական թոշակ, ինչպես նաեւ համապատասխան դրամական պարգեւ՝ պարգեւավճարների տեսքով։
Փոխնախարարի ներկայացրած տվյալների համաձայն՝ փոփոխությունները վերաբերելու են 114 անձի։ Կանխատեսվում է, որ նոր օրենքի ներդրումից հետո 160 անձ կստանա երրորդ խմբի հաշմանդամություն, ինչը, ըստ էության, նրանց կզրկի վերոնշյալ հիմնադրամի շահառու համարվելու իրավունքից։
Այսպիսով, նախագծում նշված սպաները կստանան 149 300 դրամ՝ նախկին 200 000 դրամի փոխարեն, պայմանագրային ենթասպաները, շարքայինները եւ կամավորները՝ 116200 դրամ՝ նախկին 150 000 դրամի փոխարեն, իսկ ժամկետային զինծառայողները՝ 91 000 դրամ նախկին 100 000 դրամի փոխարեն։
«Այդ գումարները հատկացվելու են երեք տարվա ընթացքում, որից հետո շահառուներն այլեւս չեն ստանա ֆինանսական աջակցություն Հիմնադրամից։ Կօգտվեն պետության սահմանած աջակցության այլ միջոցներից, ինչպես նաեւ թոշակներից»,- պարզաբանեց Խաչատրյանը։
Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը նման միջոցները անտեղի եւ անընդունելի համարեց։ «Այս օրինագծով մենք փաստացի վատթարացնում ենք ներկայիս վիճակը»,- ասաց ընդդիմադիրը։
Այնուամենայնիվ, բավականին երկար քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը դրական եզրակացություն ստացավ մշտական խորհրդարանական հանձնաժողովի կողմից։




























