«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի» կազմակերպությունը կշարունակի ծրագրերի իրականացումը Հայաստանում:

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն  այսօր` սեպտեմբերի 19-ին, ընդունել է «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի» կազմակերպության պատվիրակությանը`  տնօրենների խորհրդի նախագահ Քեն Քլեյի ղեկավարությամբ:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ա. Գեւորգյանը նշել է, որ Հայաստանի` որպես երիտասարդ պետության խնդիրներից է նաեւ քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավումը:

Փոխվարչապետի խոսքով` նորանկախ հանրապետությունում բնակարանի կարիք ունեցող քաղաքացիները մեծ թիվ էին կազմում. դրանք թե Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով տուժածներն էին, թե Արցախյան ազատամարտի տարիներին սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, թե փախստականները: Վերջին տարիներին կառավարությունն իր հնարավորությունների սահմաններում փորձել է խնդրին լուծում տալ, իրականացվել են մի շարք ծրագրեր աղետի գոտում,  փախստականների համար: «Մենք երախտապարտ ենք բոլոր կազմակերպություններին, որոնք աջակից են եղել մեզ այդ ծրագրերի իրականացման գործում: Ծանոթ եմ կազմակերպության հայաստանյան գրասենյակի առաջիկա տարիների ծրագրերին. այն ուղղությունները, որոնք ընտրվել են, համահունչ են կառավարության այսօրվա գերակայություններին»,-նշել է Ա. Գեւորգյանը:

Նա կարեւորել է կազմակերպության կողմից Հայաստանում բազմաբնակարան շենքերի բարեկարգման, Նիդեռլանդների կառավարության աջակցությամբ իրականացվող սոցիալական բնակարանային ծրագրերը:

Փոխվարչապետը տեղեկացրել է նաեւ, որ ՀՀ կառավարությունն առաջիկայում նախատեսում է ընդունել  «Բազմաբնակարան ֆոնդի կառավարման բարելավման 5-ամյա ծրագիրը»,  որով նոր սկզբունքներ են որդեգրվում, փորձ է արվում գործընկերային հարաբերություններ ձեւավորել մասնավոր սեփականատերերի հետ,  եւ  հանրության համար ընկալելի դարձնել այն գաղափարը, որ սեփականության առաջին պատասխանատուն հենց սեփականատերն է:

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի»-ի տնօրենների խորհրդի նախագահ Քեն Քլեյն իր հերթին արդյունավետ ու օգտակար փոխգործակցության պատրաստակամություն է հայտնել: Ըստ նրա` այն երկրներում, որտեղ աշխատում են կառավարությունների հետ, իրենց գործունեությունն ավելի մեծ արդյունավետություն է ունենում: «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի»-ի  գաղափարախոսության հիմքում այն մոտեցումն է, որ  յուրաքանչուրն իր բնակարանի պատասխանատուն է, եւ  կազմակերպությունը պատրաստ է աջակցել կառավարությանը`այդ գաղափարը բնակչությանը հասանելի դարձնելու համար:

Նշենք, որ  «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի»-ի ծրագրերն ուղղված են  մարդկանց բնակարանային պայմանների բարելավմանը: 2000 թ-ից մինչ այսօր  կազմակերպությունը Հայաստանում իրականացրել է մոտ 3,25 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր: