Եվրոպայի Անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանին Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Շվեդիայի պատգամավորները անդրադարձել են Լաչինի միջանցքի շրջափակման հարցին՝ արտահայտելով իրենց մտահոգությհունը։ Մարտի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Նրա խոսքով՝ ոչ ոք չի հավատում Ադրբեջանի այն թեզիսին, որ Լաչինի միջանցքը արգելափակված չէ։
Տվյալ թեզիսը, ինչպես նշեց հայկական պատվիրակության ղեկավարը, ամեն անգամ հնչել է տարբեր միջազգային հարթակներում։
«Դա ակնհայտ է եւ դրան գումարվել է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը, որը եւս մեկ անգամ հաստատում է տվյալ խնդրի լրջությունը», - ասաց Խանդանյանը։
Ավելին՝ Հայաստանի դիրքորոշումը, ըստ պատգամավորի, միջազգային հարթակներում վստահելի է։ Այն հաշվի է առնվում։





























