Մոնակոյի արքայազն եւ հերցոգ Ալբեր II-ը (Albert Alexandre Louis Pierre Grimaldi), այսօր` սեպտեմբերի 20-ին, եռօրյա այցելությունից հետո, մեկնել է Վրաստանից, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»` վկայակոչելով «Իմեդի» հեռուստաալիքը:
Այցելության վերջին օրը արքայազնը, Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավայի ուղեկցությամբ այցելել է հին Թբիլիսիում կատարվող հնագիտական պեղումների վայր, նաեւ պատմական քաղաքի վերականգնված տներն ու փողոցները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մոնակոյի արքայազնը Վրաստան է ժամանել սեպտեմբերի 18-ին:
Նույն օրը նա Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ այցելել է Սվանեթի, այնուհետեւ Բաթումիի մշակույթի եւ արվեստի նոր կենտրոնում դիտել «Քեթո եւ Կոտե» մյուզիքլը:
Նախօրեին, Ալբեր Երկրորդն ուղեւորվել է Բակուրիանի եւ այցելել Վանկուվերի օլիմպիադայի ժամանակ մահացած վրացի մարզիկ Նոդար Կումարիտաշվիլիի հուշարձանին:
Վրաստանի մայրաքաղաքում Մոնակոյի արքայազնը մասնակցել է Ազգային օլիմպիական կոմիտեի նորացված շենքի բացման արարողությանը:



























