Հայաստանի Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների շքեղ նշումը միայն Երեւանում եւս մեկ ապացույցն է այն բանի, որ մենք ապրում ենք երկու տարբեր Հայաստաններում` մեկը Երեւանն է, մյուսը մարզերը, մասնավորապես Շիրակն ու Գյումրին: Այս մասին նշված է «Շիրակ Կենտրոն» ՀԿ-ի տարածած հայտարարության մասին:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

Շիրակի մարզում տոնական տրամադրությունն իսպառ բացակայում է: Մարզային, տեղական իշխանությունների եւ առհասարակ որեւէ կառույցի կողմից տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքներ հիշեցնող քայլ անգամ չի նշմարվում:

Այնուամենայնիվ, մտածելով, որ գուցեեւ սխալվում ենք, կամ մեր տեսողությունն է մեզ դավաճանում, փորձեցինք Գյումրու քաղաքապետարանի եւ Շիրակի մարզապետարանի պաշտոնական կայքերից որեւէ տեղեկություն պեղել այն մասին, թե Անկախության 20-ամյակին նվիրված ինչ միջոցառումներ են իրականացվելու հանրապետության երկրորդը համարվող քաղաքում եւ Շիրակի մարզում: Ինչպես ասում են պատկերը բավականին տխուր էր, եթե չասենք պարզապես  ողբերգական էր:

Եթե Գյումրիի քաղաքապետարանի կայքում Անկախության օրվան նվիրված գոնե մեկ միջոցառման մասին հայտարարություն կար` քաղաքապետարանի ճեմասրահում սեպտեմբերի 20-ի երեկոյան Ստամբուլի հայ ճարտարապետների լուսանկարչական գործերի ցուցահանդեսի մասին, ապա Շիրակի մարզպետարանի կայքում Անկախության 20-ամյակը որեւէ կերպ հիշատակված չէր:

Այնուհետեւ հեռախոսով կապվեցինք եւ փորձեցինք Շիրակի մարզի համապատսախան պաշտոնյաներից ճշտել, թե Անկախության օրվան նվիրված ինչ միջոցառումներ են իրականացվելու Շիրակում եւ մասնավորապես Գյումրիում: Մեզ հայտնեցին, որ ընդամենը սեպտեմբերի 21-ին Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի է ունենալու հանդիսավոր նիստ, իսկ կենտրոնական հրապարակում, երեկոյան ժամերին սովորականի նման երաժշտություն է հնչելու:

Ստացվում է, որ Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի տոնը, որ պետք է միավորեր մեր հասարակությանը, կրկին բաժանեց»: