2020 թվականից մինչ օրս բազմաբնակարան շենքերի ու համալիրների շուրջ 460 կառուցապատողներ դիմել են «Գազպրոմ Արմենիա» եւ օրենքով սահմանված կարգով ստացել են գազամատակարարման վերաբերյալ տեխնիկական պայմանագիր: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գազաբաշխիչ ցանցերի և ներտնային գազասպառման համակարգերի շահագործման ու սպասարկման բաժնի պետ Արմեն Պերոկլյանը:
Հարցին՝ եթե այդուհանդերձ, հնարավոր լինի գազաֆիկացնել նորակառույց շենքերը, դրա համար ո՞վ է վճարելու, նա պատասխանեց. «Թյուր կարծիք կա, որ եթե խոսում ենք գազամատակարարման մասին, ապա «Գազպրոմ Արմենիան» պետք է հոգա այդ ծախսերը: Օրենսդրության համաձայն «Գազպրոմ Արմենիան» գազաֆիկացման համար տրամադրում է ելակետային տվյալների պայմաններ, այսինքն տրամադրում է միացման համար անհրաժեշտ հարաչափերը: Դրանից հետո կառուցապատողը պետք է գտնի լիցենզավորված կազմակերպություն, տեխնիկական պայմանների հիման վրա կազմի նախագծային փաստաթղթեր, որոնք պետք է համաձայնեցված լինենն իրավասու բոլոր մարմինների հետ, եւ պետք է գնի լիցենզավորված կազմակերպությունը, որը կկատարի շինարարական աշխատանքները:
«Գազպրոմ Արմենիայի» ներդրումային ծրագրերը ագրեսիվ ու մեծ են, բայց դրանք ուղղված են անվտանգ եւ հուսալի գազամատակարարման ապահովմանը: Նոր տարածքների գազաֆիկացման դրույթներ նախատեսված չեն ներդրումային ծրագրերում»:
Դիտարկմնը, որ էկոնոմիկայի նխարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ այդ հարցը լուծման փուլում է եւ ծախսերը հոգալու է «ԳԱզպրոմ Արմենիան», Արմեն Պերոկլյանն ասաց. «Կա կառավարության որոշման նախագիծ, որը քննարկման փուլում է: Թե որոշումը վերջնական ինչ տեսքով կստորագրվի, հիմա չեմ կարող ասել: Դա վերաբերում է միայն Երեւան քաղաքի նորակառույցներին:
Գազպրոմ Արմենիան» վաղուց արդեն նոր տարածքների գազաֆիկացման աշխատանքներ չի իրականացնում: Դրանք իրականացվում են տարբեր ներդրողների, բարերարների կամ հենց բնակիչների միջոցով»:
Նա նշեց, որ նորակառույցների գազաֆիկացման խնդիրը ծագել է դեռեւս 2020-ին. «Մենք դեռ 2020-ին որպես անելանելի վիճակի միակ լուծում սկսեցինք գազաֆիկացման համար տեխնիկական պայմանները տրամադրել այն կետից, որտեղ կա համապատասխան քանակ: Բանն այն է, որ մենք ունենք գործող բաժանորդներ, որոնց նկատմամբ ստանձնել ենք պարտավորություններ, եւ նոր բաժանորդի համար տեխպայման տրամադրելով արդեն իսկ բաժանորդ հանդիսացող անձի պայմանագրային պարտավորությունների խախտումը կբերեր անելանելի իրավիճակի: Նոր բաժանորդի միացնելով մենք կարող էինք տասնյակ կամ հարյուրավոր բաժանորդների գազամատակարարումից զրկել: Մեր քաղաքային ցանցի թողունակությունը եւ սնող բաշխիչ կայանները իրենց սահմանային ռեժիմով են աշխատում: Նոր կայանի կառուցման, նոր ցանկի կառուցման խնդիր կա: Կառավարության որոշման նախագիծը հենց դրա մասին է»:
Արմեն Պերոկլյանը որպես խնդրի լուծման մի օրինակ նշեց, որ տարբեր կառուցապատողներ միավորվել են եւ չսպասելով այս նախագծերին նախաձեռնել ու կառուցել ճնշման նվազեցման հանգույցը, որը Արաբկիր վարչական շրջանում է:
«100-120 կառուցապատող մի ուղղությամբ պետք է յուրաքանչյուրն իր մասով առանձին գազատար կառուցեր, որը քաղաքաշինական տեսանկյունից անհնար կլիներ, մենք առաջարկել ենք այն ժամանակ, որ միավորվեն եւ կազմակերպեն միասնական մոտեցմամբ համակարգեր, որոնք կլինեն թե ֆինանսապես, թե տնտեսապես ձեռնտու: Այստեղ ամենաշահագրգիռ կողմը կառուցապատողներն են:
«Գազպրոմ Արմենիան» միշտ դեմ է եղել քաղաքականությանը, որ ներդրումային ծրագրերի շրջանակներում կատարվեն խոշորամասշտաբ ներդրումներ, որոնք կբերեն սակագնի փոփոխության, խոսքը վերաբերում է Երեւանին: Այդ դեպքում կստացվեր, որ «Գազպրոմը» ներդրում է անում Երեւանում, որի շնորհիվ նորակառույց շենքերը կվաճառվեին, սակայն գազի սակագինը կբարձրանար ամբողջ Հայաստանի համար»,-հայտարարեց նա:





























