Մոսկվան հանդես է գալիս Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ ուղիղ երկխոսության օգտին, սակայն հարց է հնչեցնում, թե որքան որակյալ կլինեն այդ համաձայնությունները: Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում այս միտքը հնչեցրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը կատարում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորի դերը, Լավրովը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունում, մեծ հաշվով, սատարում են ՀՀ վարչապետ Փաշինյանի դիրքորոշմանը, որի համաձայն անհրաժեշտ է ուղիղ երկխոսություն Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ։ «Իրավունքների ապահովման հարցերը պետք է լուծվեն ԼՂ-ի եւ Բաքվի ներկայացուցիչների միջեւ։

Իհարկե, մեզ համար կարեւոր է հասկանալ, թե որքան որակյալ կլինեն այդ համաձայնությունները»,- ասել է ռուս նախարարը։ Եվ անսպասելիորեն մի քանի օրինակ է բերել պատմությունից՝ Ուկրաինայի վերաբերյալ Մինսկի համաձայնագրերը եւ Սերբական մունիցիպալիտետների համայնք ստեղծելու մասին Բելգրադի եւ Պրիշտինայի համաձայնությունները։ Նախարարի խոսքով, այս դեպքերում համաձայնությունները վերաբերել են մայրենի լեզվի, կրոնի, տեղական ինքնակառավարման  հնարավորության, հայրենակիցների հետ հատուկ տնտեսական առեւտրային հարաբերությունների իրավունքներին։

Մոտավորապես նույն իրավունքների փաթեթը անհրաժեշտ կլինի ղարաբաղցիներին, նշել է Լավրովը՝ հավելելով, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից 1991 թվականի դեկտեմբերի Ալմա Աթայի հռչակագրի դրույթներին իրենց հանձնառության հաստատման համատեքստում»։

«Դա այնքան էլ դժվար չէ անել, որքան թվում է: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքան պարկեշտ կվարվեն նրանք, ումից կախված կլինի ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը։ Դոնբասի, Մինսկի համաձայնագրերի, Կոսովոյում սերբական մունիցիպալիտետների համայնք ստեղծելու դեպքում պարկեշտություն լինել չի կարող։