Մոլդովայի կառավարությունը հետ է կանչել ԱՊՀ գործադիր մարմիններում իր ներկայացուցչին։ Այս մասին հայտնում է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։

Փաստաթղթի համաձայն՝ Թեոդոր Յովուն հետ է կանչվել ԱՊՀ գործադիր կոմիտեի փոխտնօրենի, տնտեսական համագործակցության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնից։ Որոշումն ուժի մեջ է մտնում ապրիլի 14-ից։ Յովուն այս պաշտոնում նշանակվել է 2020 թվականի դեկտեմբերին։

Մոլդովայի արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Նիկոլաե Պոպեսկուն հանդիպման ժամանակ ասել է, որ «որոշումն ընդունվել է ԱՊՀ գործադիր մարմնի փոխնախագահների նշանակման եւ ռոտացիայի համար քվոտաների հատկացման մասին համաձայնագրի դրույթների հիման վրա»։

Փետրվարին Մոլդովայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր ԱՊՀ շրջանակներում մի քանի տասնյակ համաձայնագրերից դուրս գալու գործընթացի մեկնարկի մասին։ Նրա խոսքով, հանրապետությունը ԱՊՀ շուրջ 330 համաձայնագրերի մասնակից է, որոնցից շատերը վերանայման կարիք ունեն։